ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը:
«ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ միջազգային հանրությանը պետք է Ադրբեջանի վրա ճնշում գործադրի՝ կանխելու հավանական նոր ռազմական ագրեսիաները, հրադադարի ռեժիմը պահպանելու, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերը ետ քաշելու և հայ ռազմագերիներին վերադարձնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարստացման հնարավորությունները, մտքեր փոխանակել քաղաքական երկխոսության խորացման և առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: