Արարատ Միրզոյանն Հունաստանի ու Կիպրոսի իր գործընկերներին է ներկայացրել ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասին և Արևելյան Միջերկրականին վերաբերող անվտանգային հարցեր։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Նախարար Դենդիասն անդրադարձել է Հունաստանի դեմ Թուրքիայի թշնամական հռետորաբանության ուժգնացմանը:
Նախարար Կասուլիդեսն իր գործընկերներին ներկայացրել է Արևելյան Միջերկրականում ստեղծված իրավիճակը և Կիպրոսի վերամիավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:
Նախարարներ Կասուլիդեսը և Դենդիասն իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին։
ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ շփումները եռակողմ ձևաչափի շրջանակներում` այն որակապես նոր մակարդակի հասցնելու և համագործակցության շրջանակն ընդլայնելու համար:
Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր: