«Խղճի բանտարկյալ» Ֆաթուլաևը չի՞ ուզում իր էջից հեռացնել գերեվարված, ապա անխճորեն սպանված հայ զինծառայողի տեսանյութը

Նախկին քաղբանտարկյալ, իսկ կարճ ժամանակ անց՝ արդեն Ալիևի ռեժիմի «խոսնակ», ադրբեջանական Հաքին.ազ-ի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևն օրեր առաջ յութուբյան իր էջում տարածել էր մի տեսանյութ՝ «Ադրբեջանցի զինվորականներն առաջին օգնություն են ցուցաբերել վիրավոր հայ զինվորին» վերտառությամբ:

Համացանցում տարածվող այդ տեսանյութում հայրը՝ սոցիոլոգ Բարսեղ Գիշյանը, ճանաչել էր որդուն՝ զինծառայող Դավիթ Գիշյանին: Նա որդու վիրակապման կադրերը հրապարակել էր՝ գրելով․

«Ես ուզեմ կամ չուզեմ, իմ տղայի այս վիդեոն արդեն ինտերնետում տարածվում է։ Ուրեմն. ինձնից անկախ պրոցեսը կանխելու համար ավելի լավ է իմ տղայի այս վիդեոն ես տարածեմ, ուսից վիրավոր գերի է ընկել Սյունիքում»:

Սակայն սեպտեմբերի 17-ին պարզվեց, որ ադրբեջանական ԶՈՒ-ն Հայաստանին է փոխանցել գերեվարված զինծառայողի Դավիթ Գիշյանի մարմինը․ դին հայրն անձամբ էր ճանաչել։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հայտնել է, որ Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ։

Նա նաև տեղեկացրել է, որ իրենք Եվրոպական դատարան արդեն նամակ են ուղարկել. «Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը, դիմել ենք նաև 3-րդ հոդվածով, որը պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից։ Պահանջում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառվի հրատապ միջոց»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 17-ին Հայաստանին էր հանձնել 32 հայ զինծառայողի մարմին, որոնց թվում էր նաև Դավիթ Գիշյանը։

Սա ադրբեջանական մարդակեր «հումանիզմի» հերթական օրինակն է, որի մասին, սակայն, կլռի կեղծիքի ու բռնապետի խոսնակ Ֆաթուլաևը:

Տեսանյութեր

Լրահոս