«Միայն 2021թ. ընթացքում ինձ մակագրվել է շուրջ 5400 գործ». կայացել է դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթի նիստը
Երեկ Բարձրագույն դատական խորհրդում վերջապես կայացավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Հիշեցնենք, որ այս նիստը պետք է կայանար օգոստոսի 18-ին, սակայն անհասկանալի պատճառներով այն տեղի չունեցավ: Իսկ 168.am-ի հարցին ի պատասխան՝ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասաց՝ նիստը չի կայացել, քանի որ Աննա Փիլոսյանին պատշաճ չեն ծանուցել:
Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ Դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, 9-րդ հոդվածի 1-ին մասով, 301-րդ հոդվածի 1-ին մասով, 199-րդ հոդվածի 4-րդ մասի, 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, այն է՝ թիվ ԵԴ/6548/02/21 և թիվ ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործերով համապատասխանաբար 12.07.2021 թվականին և 22.10.2021 թվականին Դատավորը կայացրել է պարզեցված վարույթը դադարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին չհիմնավորված և չպատճառաբանված որոշումներ, նշված որոշումները կայացման պահից եռօրյա ժամկետում չի ուղարկել կողմերին, թիվ ԵԴ/6548/02/21 քաղաքացիական գործով Դատավորի կողմից չի ապահովվել կողմերի պատշաճ ծանուցումը նշված որոշմամբ 17.08.2021 թվականին նշանակված դատական նիստի վերաբերյալ, որի պայմաններում, կատարված խախտումներն իրենց հերթին հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման:
Կարճ ասած՝ Արդարադատության նախարարությունը Աննա Փիլոսյանին մեղադրում է այն բանում, որ 2021թ. իր վարույթում գտնվող 5400 գործերից երկուսն ամիսներով աչքաթող է արել, այն դեպքում, երբ Արդարադատության նախարարությունը ԲԴԽ-ին մոռացել էր ուղարկել Դատարանի ուղարկած նյութերի մի մասը:
Ի դեպ, նիստի ժամանակ հենց դատավորը բարձաձայնեց իրեն մակագրված գործերի թիվը, որը եթե բաժանես օրերի, յուրաքանչյուր գործի համար մի քանի ժամ ժամանակ կարող ես հատկացնել:
Դատավորն այսօր նաև իր ֆեյսբուքյան էջում էր անդրադարձել այդ համակարգային խնդրին:
«Ինձ կարգապահական պատասխանատվության կանչելու առիթն օգտագործելով՝ բարձրաձայնում եմ ողջ դատական կորպուսին վերաբերող համակարգային խնդիրների մասին։
Միայն 2021 թվի ընթացքում ինձ մակագրվել է շուրջ 5400 գործ։ Տարվա ընթացքում ունեմ շուրջ 1900 աշխատաժամ։ Այս պայմաններում անգամ տեսականորեն հնարավո՞ր է ուշացումները բացառել ու վրիպումներ թույլ չտալ։
Իսկ արդարադատություն հայցող քաղաքացիներն ու փաստաբաններն արդարացիորեն դժգոհում են։ Ու դժգոհում են դատավորներից»,- գրել էր դատավորը:
Ինչևէ, Կողմերին լսելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի 2022 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:00-ին: