«Եթե Ադրբեջանի նպատակները գիտես, ինչո՞ւ ես խաղաղություն խոստանում». Լիլիթ Բեգլարյանը՝ Փաշինյանին

ՀՀԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանի կարծիքով՝ հնարավոր էր խուսափել պատերազմից:

«Պարզ էր, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը կանգ չէր առնելու, և այն բոլոր փաստերը, որոնց մասին գրեթե 2 տարի շարունակ խոսում ենք, հնարավոր չէր ուղղակի անտեսել: Էլ չասեմ, որ իրենք նույնիսկ ԱԺ ամբիոնից ասում էին, որ տեղյակ էին ակնկալվող պատերազմի մասին: Դա մի կողմ, անզեն աչքով պարզ էր, որ պատերազմից հետո սա պետք է տեղի ունենար, որովհետև արտաքին բլոկում մենք ունեինք բացթողումներ, նորից բանակում ունեինք բացթողումներ, ոչինչ չէր արվում, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի պլանները տարածաշրջանում չեն փոխվել, դրանք երբեք չեն փոխվում, և միամտություն էր մտածել, որ դրանք կարող են երբևէ փոխվել, կամ մենք կարող ենք երբևէ խաղաղության դարաշրջան բացել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նրա խոսքով՝ պատերազմից հետո իշխանությունները պետք է օգտագործեին ՄԽ հնարավորությունները, կարգավորեին հարաբերություններն արտաքին գործընկերների և ռազմավարական դաշնակցի հետ:

«Պետք չէր ՄԽ ձևաչափն այդքան արժեզրկել, որովհետև այն միակ աշխատող տարբերակն էր մեր դեպքում: Այդտեղ տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ֆիքսվել էին մադրիդյան հայտնի երեք սկզբունքները, որոնք ներառում են մեզ համար շատ կարևոր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Մեկ այլ բան է, երբ խոսում ես ինչ-որ անիմաստ արտադրության սկզբունքի մասին, մեկ այլ բան է, երբ խոսում ես քո թշնամու հետ միջազգային իրավունքի լեզվով, որը ֆիքսված է: Դա մսխելն ուղղակի հիմարություն էր: Երբ այսօրվա իշխանության ղեկին կանգնած մարդն ԱԺ ամբիոնից ասում է, որ չպետք է սպասենք՝ ՄԽ-ն վերակազմավորվի, մենք կարող ենք ուղիղ աշխատել, ես ուղղակի չեմ հասկանում շտապողականության իմաստը: Դու պետություն ես, որը ստորագրել է կապիտուլյացիա, որը լուրջ խնդիրներ ունի թե՛ բանակում, թե՛ արտաքին ճակատում, էլ չխոսեմ ներքաղաքական ճգնաժամի, հասարակության պառակտվածության մասին: Այդտեղ այդ պարտվողական դիրքերից գնալ ուղիղ երկխոսության, դա չեմ կարող ասել ինչ է՝ դավաճանությո՞ւն է, միամտությո՞ւն է, տկարամտությո՞ւն է, ապիկարությո՞ւն է, գուցե բոլորը միասին է»,- ընդգծեց նա:

Լիլիթ Բեգլարյանը չի հիշում Նիկոլ Փաշինյանի նախընտրական մի խոստում, որն իրականացրել է. «Ինքը շատ հանգիստ խոսում էր՝ Արցախը տանք՝ հանգիստ ապրենք, հիմա՝ Սյունիքը տանք՝ հանգիստ ապրենք, Տավուշը տանք, Արարատը տանք, էլ ի՞նչը տանք՝ հանգիստ ապրենք, էլ հանգստությո՞ւն է մնում: Առհասարակ, նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթից հետո իր վարչապետ մնալն էր սխալ ազդակ միջազգային հանրությանը, և այնուհետև՝ վարչապետ վերընտրվելը: Բնականաբար, չի կարող երկրի ղեկավարը, որը կապիտուլյացիա է ստորագրել, որին ծաղրում են, որը խոսում է պարտվողական դիրքերից, որին անընդհատ սպառնում են, գուցե նաև՝ ինքն է այդ դիրքերից խոսում, չեն կարող իրեն հարգել և որևէ բան պայմանավորվել իր հետ: Այդ առումով կիսում եմ այն կարծիքը, որ իր վերընտրվելը սխալ ազդակ էր միջազգային հանրությանը»:

Նա ընդգծեց՝ եթե ունենային գրագետ իշխանություններ, այսպիսի իրավիճակ չէր լինի: Նրա խոսքով՝ նույնիսկ այս իրավիճակում կան բազմաթիվ հնարավորություններ, որոնք չեն օգտագործվում. «Եթե այս պահին մենք իրենց հեռացնենք և փորձենք ինչ-որ մի բան պահել և հետ վերադառնալ՝ արտաքին քաղաքական դաշտում, որովհետև որոշակի դրական ազդակներ են գալիս նաև Ֆրանսիայից, ԱՄՆ-ից՝ ՄԽ վերակենդանացման հետ կապված, այդ հնարավորությունները կարելի է օգտագործել»:

Անդրադառնալով միջազգային կառույցների հետ աշխատանքին, նա նշեց, որ շատ դեպքերում, երբ կուսակցական դիվանագիտության մակարդակում փորձում էին որևէ տեքստի մեջ որևէ կոշտ ձևակերպում մտցնել, միջազգային գործընկերները պատասխանում էին՝ ինչո՞ւ եք ստիպում ագրեսիա կամ պատերազմ անվանել, երբ Հայաստանի ղեկավարը դա ուղղակի սադրանք է համարում:

«Այսինքն՝ պետությունը ոչ թե օգնում է մեզ այդ ամենում, այլ խանգարում: Բայց ուրախությամբ եմ ուզում նշել, որ միջազգային մի շարք կառույցներ, կուսակցություններ, կազմակերպություններ, տարբեր պատգամավորներ հասցեական հայտարարություններ տարածեցին: Այդ հայտարարությունները ճիշտ օգտագործելու դեպքում կարող են ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա: Մենք մի դեպք ունեցանք, երբ մեր հայտարարություններից հետո ադրբեջանական կուսակցությունները, քաղաքական գործիչները կապվեցին այդ կառույցների հետ՝ խնդրելով հեռացնել, նույնիսկ մեղադրելով, որ՝ դրանք կողմնակալ հայտարարություններ են, բայց իրենք նաև ստացան համապատասխան պատասխան, որ ոչ մի կողմնակալություն չկա, և փաստերն են արձանագրվում»,- ասաց Բեգլարյանը:

Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում պարզաբանեց, թե ինչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. «Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից: Հասկանում եմ, որ շատ տարօրինակ բան եմ ասում, և, որ հիմա շատ մանրամասներ գուցե չեմ կարող ասել, բայց ինչքան էլ մենք երջանիկ չենք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից, բայց ակնհայտ է, որ հենց նոյեմբերի 10-ից սկսած Ադբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության դրույթներն ի չիք դարձնելու համար և պայքարում է եռակողմ հայտարարության երեք հիմնական դրույթների դեմ: Առաջին, որ կա Լեռնային Ղարաբաղ, երկրորդ, որ ԼՂ-ն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում է ՌԴ-ն, և ՌԴ-ն ԼՂ-ի և պաշտպանության գծի, այդ թվում՝ Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորն է, և Լաչինի միջանցքը ստեղծվել է ԼՂ-ի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար: Այս երեք դրույթներն ունեն անկյունաքարային նշանակություն, և փաստն այն է, որ Ադրբեջանը պայքարում է այս երեք դրույթների դեմ»:

Փաշինյանի վերոնշյալ հայտարարության վերաբերյալ Լիլիթ Բեգլարյանը հետևյալն ասաց. «Եթե գիտես, որ Ադրբեջանն ավելին է ուզում, ինչո՞ւ ես մարդկանց մեջ ներարկում, որ խաղաղության դարաշրջան է գալու: Դա դարձրել ես գերնպատակ և միայն այդ ուղղությամբ ես գնում: Կարևոր չէ՝ ինչ կկորցնես, գուցե երկրի կեսն էլ կորցնես, կարևորը՝ գերնպատակ ես դարձրել խաղաղությունը և ուզում ես հասնել դրան: Կներեք, բայց պետության ղեկավարից նման բան լսելն ուղղակի ծիծաղելի է»:

Նա շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի չի կարող շարունակել պաշտոնավարել. «Գոնե այս դեպքում պետք է Հայաստանի շահը մի փոքր բարձր դասել և հեռանալ՝ թողնելով այս ամենը մարդկանց, ովքեր կկարողանան դա անել: Եթե դու չունես անկեղծություն, քաջություն, որ կանգնես ասես՝ ես չեմ կարող կամ չեմ ուզում այս ամենն անել, ապա թող այն մարդկանց, ովքեր կկարողանան ինչ-որ մի բան անել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս