Ալեն Սիմոնյանի վրեժը՝ Քրիստինե Պողոսյանի ձեռքով
Այսօր հերթական անգամ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներն անհանդուրժողականության նոր բարձունքներ նվաճեցին՝ թիրախավորելով իրենց անհարմար հարցեր տվող լրագրողներին:
Առավոտից Խորհրդարանում իրենց անհավասարակշիռ պահվածքով աչքի ընկնող ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իրենց կարգավիճակին անվայել վարքագիծ ցուցաբերելով՝ հերթական անգամ խեղեցին պատգամավորի նկարագիրը:
Լիագումար նիստերի դահլիճում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթից հետո նրա վրա հարձակված ու ոչ նորմատիվային բառապաշար կիրառող Քրիստինե Պողոսյանին, ով Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հաշվիչ հանձնաժողովի կազմում էր, հարց ուղղող MediaHub.am կայքի լրագրող Անի Գևորգյանն այնպիսի արձագանքի արժանացավ, որ դժվար է անգամ կոռեկտ նկարագրել: Քրիստինե Պողոսյանը, հայտարարելով, որ ԱԺ-ն իր տունն է, պահանջեց լրագրողից հեռանալ, իսկ երբ վերջինս ընդդիմացավ, փորձեց ձեռքն ընկած իրով հարվածել նրան, ինչը կանխեցին նրա իսկ գործընկերները:
Անհավասարակշիռ պատգամավորին թեև մի կերպ հեռացրեցին տարածքից, բայց վերջինիս օգնության հասավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով հագուրդ տալով իր քինախնդրական նկրտումների բավարարմանը, քանի որ վաղեմի վեճ ու դատական կարգով լուծված հայց ուներ Անի Գևորգյանի դեմ, առիթը բաց չթողեց Խորհրդարանի անվտանգության աշխատակիցներին հրամայել Անի Գևորգյանին դուրս հանել ԱԺ շենքից, ինչը և անհապաղ կատարեցին՝ Անի Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրելով, թևերից բռնած՝ դուրս բերելով ԱԺ շենքից:
Հատկանշական է, որ դրանից հետո լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը ոչ միայն ասաց, որ չի պատրաստվում պատգամավոր Քրիստինե Պողոսյանի վարքագիծը քննության առնել, այլև հայտարարեց, որ ինքը վարվել է ԱԺ կանոնակարգ օրենքի նոր դրույթներին համապատասխան, որով ԱԺ գործունեությունը խաթարող լրագրողը պետք է հեռացվի:
«Այդ լրագրողները խաթարել են հաշվիչ հանձնախմբի աշխատանքը, և հաշվիչ հանձնախմբի անդամը ստիպված է եղել լքել, ու նրան փոխարինել են այլ անդամով»,- ասաց ԱԺ նախագահը:
Ըստ նրա՝ եթե բացի իրավականից, այլ գնահատական ևս ակնկալվում է իրենից, կոնկրետ այդ լրագրողները վաղուց էին սպառել իրենց վարվելակերպի և խոսելաոճի լիմիտը և իրենց շատ վատ էին դրսևորում իրենց աշխատանքի ընթացքում:
«Վաղուց էր պետք դա անել: Փառք Աստծո, օրենքն արդեն ընդունել ենք»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը:
Եվ սա ասում է մի մարդ, որի անհավասարակշիռ պահվածքին ու ոչ նորմատիվային բառապաշարին ականատես ենք լինում պարբերաբար և հատկապես՝ լրագրողների հետ շփումներում: