Համաշխարհային մեդիա կոնգրեսը եռօրյա աշխատանքների ընթացքում կքննարկի ոլորտի վերջին զարգացումներն ու առաջիկա միտումները

Աբու Դաբիում կայանալիք Համաշխարհային մեդիա կոնգրեսին (Global Media Congress), որին որպես մեդիա գործընկեր միացել է նաև «Արմենպրես» լրատվական գործակալությունը, 30 տարբեր քննարկումներ տեղի կունենան՝ ավելի քան 40 բանախոսների ու փորձագետների մասնակցությամբ։

Կոնգրեսը տեղի կունենա ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանու ներքո։ Կոնգրեսի կազմակերպիչները Աբու Դաբիի Ազգային ցուցադրությունների ընկերությունն (ADNEC) ու Էմիրաթների լրատվական գործակալությունն (WAM) են։

Նոյեմբերի 15-17-ը կայանալիք կոնգրեսի շրջանակում տեղի կունենան մասնագիտական համաժողով և ցուցահանդես, որը կենտրոնացած կլինի մեդիա ոլորտի վերջին զարգացումների ու ապագայի վրա։

Կոնգրեսի շրջանակում կայանալիք համաժողովը կրելու է «Կերտելով մեդիայի ապագան» խորագիրը։ Եռօրյա համաժողովի ընթացքում մեդիաոլորտի ներկայացուցիչները կփոխանակվեն գաղափարներով ու կառաջարկեն լուծումներ, որոնք առաջիկա տարիներին վերափոխելու են ոլորտը։

Համաժողովի առաջին օրը քննարկումներ տեղի կունենան հետևյալ խորագրերի ներքո՝ «Լրատվամիջոցների փոխակերպող ուժը», «Ուշադրությունն ապագայի վրա․ արդյո՞ք թվային մեդիան պարարտ հող է ապագա ներդրումների համար», «Ներդրումներ Metaverse-ում. ինչպե՞ս կշահեն մեդիա ընկերությունները և ինչպիսի՞նն է կանխատեսվող ներդրումների վերադարձը»:

Երկրորդ օրվա քննարկումների խորագրերն են «Մեդիա բովանադակության վրա ազդեցության գործում ուղեղային կենտրոնների դերակատարումը», «Սոցիալական ցանցերի սպառման ուսումնասիրությունը տարածաշրջանում, և ինչպես դա փոխեց մեդիա լանդշաֆտը», «Սոցիալական մեդիա. քննարկում, թե ինչպես կարճատև տեսանյութերի տարածքումը փոխեցին մեդիաոլորտը»։

Քննարկումների վերջին՝ երրորդ օրը կենտրոնացած կլինի այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են՝ «Բազմազանությունն ու ներառականությունը թվային դարաշրջանում․ կանայք մեդիայում», «Սպառողի հոգեբանությունը․ ներկայիս ու ապագա կանխատեսվող միտումները»։

Ավելի վաղ, խոսելով ԱՄԷ-ում նմանօրինակ միջոցառման կազմակերպության կարևորության մասին, ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության հարցերով նախարար, շեյխ Նահյան բին Մուբարաք ալ-Նահյանը ասել էր․ «Հուսով ենք, որ Գլոբալ մեդիա կոնգրեսը կդառնա խաղաղության և սիրո ուղերձ՝ Միացյալ Արաբական Էմիրություններից՝ ողջ աշխարհին։ Կոնգրեսն իր աշխատանքների ընթացքում կօգնի հաստատել մեդիա ոլորտի դերն այնպիսի արժեքների առաջ մղման գործում, ինչպիսիք են համագործակցությունը, փոխըմբռնումն ու հանդուրժողականությունը ժողովուրդների միջև։ Լրատվամիջոցները պետք է դառնան գործիք ժողովուրդների միջև համագործակցության ամրապնդման համար»։

Կոնգրեսի աշխատանքներին մասնակցելու են ոչ միայն լրագրողներ, հեռարձակողներ, սոցիալական մեդիայի ներկայացուցիչներ, այլև տեխնոլոգիական ընկերություններ և կառավարությունների անդամներ։

Միջոցառումը կարևոր հարթակ է դառնալու ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ողջ աշխարհի լրատվամիջոցների համար՝ փոխանակվելու մեդիաոլորտի հետ կապված գիտելիքներով ու փորձառությամբ, քննարկելու ոլորտի վերջին համաշխարհային զարգացումները։ Այն թույլ կտա միջազգային կազմակերպություններին ու մեդիա ընկերություններին բացել հնարավորությունների նոր դռներ։

Տեսանյութեր

Լրահոս