«Երբ սահմանների վրա ագրեսիա է՝ վերադառնամ դահլիճ, որ Սիմոնյան Ալենի հետ քննարկեմ՝ ընդդիմությունը ո՞նց աշխատի». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ արյունի վրա կառուցված շոուին ի պատասխան՝ ստիպված է իրականությունը ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել հայտարարության տեքստի հետ կապված։

Ներկայացնելով «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկները, Հայկ Մամիջանյանն ասաց.

«Սեպտեմբերի  13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները նրա որդեգրած հայատյացության հերթական դրսևորումն էին։ Այս և նախորդ իրադարձությունները փաստում են, որ Ադրբեջանը չի փոխել իր մտայնությունը՝ Արցախի հարցը ուժով լուծելուց, ավելին՝ անպատիժ մնալով նախորդ տարի ՀՀ սուվերեն տարածք ոտնձգություններ կատարելուց հետո, արդեն իսկ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա է իրականացնում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։ Այս գործելաոճով Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը»,- իր խոսքում նշեց Հայկ Մամիջանյանը։

Ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի՝ իշխանությանը ներկայացրած այս առաջարկներին ի պատասխան, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատասխանել է, որ առաջարկում է ներառել դրանց մի մասը, որը, Հայկ  Մամիջանյանի խոսքով՝ բացարձակապես չէր ներառում ողջ աղը, հետագա բանակցային գործընթացի համար կարևոր կետերը։

«Իմ առաջարկը եղել է հետևյալը, եթե իմ առաջարկած կետերը լավն են, օգուտ են տալիս ու բխում են ՀՀ շահերից, ի՞նչն է պատճառը, որ անկախ մեր քվեարկությունից՝  դրանք չեն ներառվում հայտարարության տեքստի մեջ։ Այստեղ հետևություն, որ այն արյունոտ շոուն, որն իրենք մեր զինվորների արյան վրա կազմակերպել էին այս դահլիճում, ոչ այլ ինչ էր, քան այս կամ այն քաղաքական ծուղակը ձևակերպել։

Կամ, երբ անընդհատ հարցնում էին, թե երբ եք վերադառնալու դահլիճ, ինչու չեք վերադառնում։ Երբ մեր սահմանների վրա ագրեսիա է՝ վերադառնամ դահլիճ, որ Սիմոնյան Ալենի հետ քննարկեմ՝ ընդդիմությունը ո՞նց աշխատի։ Սա ընդամենը հերթական շոուն էր, որը կազմակերպել է իշխող խունտան, նրա շահերից չէր բխում ստանալ հայամետ, ՀՀ շահերից բխող և ամենակարևորը՝ մեր երկրի ու Արցախի համար դրական հետևանքներ պարունակող հայտարարություն։ Իրենց միակ նպատակը մեզանից քվեարկություն կորզելն էր, այլ ոչ թե ՀՀ շահերը սպասարկելը։ Իրենք ինչպես արյունի վրա քաղաքականություն են արել, այդպես էլ շարունակում են»,- հավելեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

Նա ընդգծեց, որ իշխանության մեջ դավաճաններն են, հետևաբար՝ այդ մարդկանց վրա հույս դնել հնարավոր չէ։

Միաժամանակ նա ընդգծեց, որ իշխանության պատասխանն իրենց անընկալելի է մնացել, ուստի իրավունք ունի հետևություններ անելու։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ դահլիճում էր, ընդդիմությունը նրան հարցեր չուներ, Հայկ Մամիջանյանը պատասխանեց.

«Կարո՞ղ եք ինձ ասել, թե ես ինչ հարցեր պիտի տայի Փաշինյանին, հարցնեի՝ ինչո՞ւ ես դավաճանել, թե՞ հարցնեմ՝ ինչո՞ւ ես եկել ու ԱԺ ամբիոնից փոխանակ խոսես ու դաշնակիցների հետ ապահովես բնականոն ընթացք, փաստացի կարողանում ես անէացնել ու թշնամացնել Հայաստանի բոլոր դիվանագիտական կապերը»։

Դիտակմանը, թե ընդդիմությունն իշխանության հետ պետք է միահամուռ գործի, Հայկ Մամիջանյանը նկատեց. «Միահամուռ իշխանության հետ դավաճանենք երկի՞րը։ Նիկոլ Փաշինյանի ելույթը թող Վահագն Ալեքսանյանը ամբողջացնի, ես միայն մեկ բան կարող եմ ասել, քանի դեռ նա է կառավարում, անդադար վատ է լինելու»։

Տեսանյութեր

Լրահոս