Գյումրիում տրանսպորտի երթուղիների թիվը կնվազի
Գյումրիում երթուղիների թիվը կնվազի՝ գործող 9 երթուղու փոխարեն կլինի 7-ը։ Սակայն, սա չի նշանակում, որ քաղաքի որոշ թաղամասեր դուրս կմնան սպասարկումից. դրանք կսպասարկվեն որոշ ուղղություններ երկարացնելու հաշվին: Այս մասին Գյումրու «Երկխոսություն» մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ Արամ Սարուխանյանը՝ տեղեկացնելով, որ Գյումրիում այս պահին շահագործվում են սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված 66 միկրոավտոբուսներից 13-ը։ Դրանք սպասարկում են ամենածանրաբեռնված երթուղիներից մեկը, որը Գյումրու ծայրամասային «Մուշ» թաղամասը կենտրոնին կապող թիվ 25/5 երթուղին է։ Հաջորդը, ամենանայն հավանականությամբ, կլինեն 12 և 24 համարի երթուղիները:
«Այս պահին նոր միկրոավտոբուսներով այն երթուղները կսպասարկվեն, որի փողոցները համեմատաբար բարվոք վիճակում են: Բնականաբար, 66 մեքենան մեր բոլոր երթուղները սպասարկելու համար քիչ է: Գյումրու համայնքապետարանը դիմել է ՀՀ կառավարությանը ևս 25 նոր միկրոավտոբուսներ ստանալու խնդրով»,- նշեց Արամ Սարուխանյանը՝ հավելելով, որ «Կայուն կանաչ զարգացում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է Գյումրի բերել նաև 5 էլեկտրաավտոբուս:
Նոր միկրոավտբուսների աշխատանքը համակարգելու ու քաղաքի նոր երթուղիները սպասարկելու համար Գյումրու քաղաքապետարանին կից ստեղծվել է «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն։