«Մինչև սեպտեմբերի 26-ը որոշում չի եղել զորքերը զորանոցային վիճակից դուրս բերելու». Անդրանիկ Քոչարյան
Անցած տարի հոկտեմբերի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստովանել էր՝ «սեպտեմբերի 27-ից 2 օր առաջ ինչ-որ ռադիոկլանում էր տեղի ունեցել, մի նախադասություն, որն այդ առումով շատ վստահելի էր թվացել: Դա տեղի է ունեցել 1-2 օր առաջ»:
Եվ չնայած սրան, բաց աղբյուրների հիման վրա 168.am-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՊԲ-ն պատշաճ պատրաստ չի եղել պատերազմին, և կարևորագույն հատվածներում զինվորները զորամասերում են դիմավորել պատերազմը: Այսինքն, զորքը պահպանությունից պաշտպանության անցած չի եղել:
168.am-ի հետ զրույցում ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն ասաց, որ պաշտպանության անցնելու հրաման եղել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի կողմից:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գաղտնիք է բացել. «Մինչև սեպտեմբերի 26-ը որոշում չի եղել զորքերը զորանոցային վիճակից դուրս բերելու»:
Իսկ այն, որ, ըստ էության, դրանից հետո ևս նման որոշում չի եղել, համենայնդեպս, սեպտեմբերի 27-ին զորքն ամբողջությամբ պաշտպանության անցած չի եղել, Անդրանիկ Քոչարյանը ոչինչ չի ասել, լրագրողներն էլ չեն «ստիպել»: