Պետք չէր «Սուրմալուի» մոտ փիառվել, Ավինյանը կարող էր գալ Հաղթանակ թաղամաս և տեսնել խնդիրները. բնակիչ
«Նույնիսկ հողի հարկ այսօր չենք կարողանում վճարել»,- այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Հաղթանակ թաղամասի բնակիչ Գեղամ Վլասյանը:
Ինչպես հայտնի է, Հաղթանակ թաղամասի մի քանի տասնյակ բնակիչներ այսօր էլ Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա իրականացրեցին, փողոց փակեցին, ներկայացրին իրենց խնդիրը:
Գեղամ Վլասյանը նշեց, որ խնդիրը վերաբերում է Հաղթանակ թաղամասի հողատարածքներին, ու խնդիրը բաժանված է մի քանի մասի, բայց իրենք՝ բնակիչները, մեկ լուծումը պահանջում են փուլով, խնդիրը ներկայացվել է պատկան բոլոր կառույցներին, բայց բոլորի կողմից ստացել են խնդրի լուծման իրենց առաջարկն ու ժամկետները, սակայն այդ ժամկետները վաղուց սպառվել են, ու իրենք այս պահի դրությամբ փաստի առաջ են կանգնած: Ուստի Վլասյանը տեղեկացրեց, որ ձևակերպել են խնդիրների ամբողջական փաթեթը ու պահանջի տեսքով ներկայացնում են քաղաքապետարան:
Թաղամասի բնակիչը բացատրեց, որ ժամանակին, երբ հողերը բաժանվել են բնակիչներին, տրվել են ակտի տեսքով, հետագայում օրենքի փոփոխություն է տեղի ունեցել, ու այդ ակտերը պետք է փոխարինվեին սեփականության վկայանով: Սակայն այսօր, ըստ նրա, մարդն իր օրինական պահանջը չի կարողանում կատարել, այսինքն՝ ցանկանում է իր իրավունքից օգտվել՝ չի կարողանում:
«Նույնիսկ հողի հարկ այսօր չենք կարողանում վճարել»,- նկատեց բնակիչը:
Նա ներկայացրեց, թե իշխանության անգործության հետևանքով ինչ է տեղի ունեցել: «Քաղաքապետի ՔՊ թեկնածուն՝ Ավինյանը, «Սուրմալու»-ի դեպքերի ֆոնին քարոզարշավ էր անում, լավ քարոզարշավի տեղ ունենք, պետք չէր այնտեղ փիառվել, Հաղթանակ թաղամաս կարող էր գալ, այս խնդիրները տեսներ ու իր առաջարկները ներկայացներ: Բնականաբար, այնտեղ ավելի հեշտ էր խնդիրները ներկայացնելը, քան Հաղթանակ թամաղասում: Ի դեպ, ՀՀ-ում Հաղթանակ թաղամասն այն եզակի ինքնաբավ թաղամասերից է, որն իր կարիքները կարող է ինքնուրույն հոգալ: Կատակով կասեմ, որ Վատիկանի մարզի պես մեզ անկախություն տվեք, մեր թաղամասը կարող ենք ինքներս պաշտպանենք»,- ասաց թաղամասի բնակիչ Գեղամ Վլասյանը: