Միջուկային զենքը պետք է անցնի պատմության գիրկը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Համաշխարհային հանրակցությունը պետք է ընդմիշտ հրաժարվի միջուկային զենքի փորձարկումներից, սպառազինությունների այդ տեսակը պետք է անցնի պատմության գիրկը: Օգոստոսի 28-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:
«Մեր աշխարհը միջուկային զենքի պատանդ է մնում բավականաչափ երկար ժամանակ: Մահվան այդ սարքավորանքները չեն երաշխավորում ո՛չ հաղթանակ, ո՛չ անվտանգություն, դրանք նախատեսված են սոսկ ավերման համար: Եկեք ապահովենք, որպեսզի (միջուկային զենքի) փորձարկումներն ավարտվեն ընդմիշտ, եւ միջուկային զենքը դարձնենք պատմության սեփականությունը մեկընդմիշտ»,- գրել է նա Twitter-ում:
Օգոստոսի 29-ին նշվում է Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օրը: Այն սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2009 թվականի դեկտեմբերի 2-ին (բանաձեւ թիվ 64/35) Ղազախստանի նախաձեռնությամբ: Օրվա ընտրությունը կապված է 1991 թվականի օգոստոսի 29-ին Ղազախստանի Սեմիպալատինսկի միջուկային զինափորձարանի փակման հետ, որը խոշորագույններից մեկն էր աշխարհում: Օրն ամեն տարի նշվում է 2010 թվականից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: