«Կանգնած ենք մեր անկախությունը վերանվաճելու անխուսափելի անհրաժեշտության առաջ». Խոսրով Հարությունյան
«Այսօր իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ մենք կանգնած ենք մեր անկախությունը վերանվաճելու անխուսափելի անհրաժեշտության առջև»,- Գերագույն խորհրդի նիստի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
«Մեր անկախությունն այսօր վտանգված է, վտանգված է մեր տարածքային ամբողջականությունը, մեր սահմանների անձեռնմխելիությունը, մեր ինքնիշխանությունը: Այսինքն՝ վտանգված է այն հենքը, որի շուրջ ձևավորվեց Անկախության հռչակագիրը: Հետևաբար, պետք է շատ հստակ գիտակցենք և դիմենք մեր հանրությանը, որ մենք կանգնած ենք անկախությունը վերանվաճելու անհրաժեշտության առջև»,- շեշտեց նա:
Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ «մենք ենք տերը մեր երկրի» թեզը պետք է դառնա՝ «ես եմ տերը իմ երկրի»: Ըստ նրա՝ յուրաքանչյուր հայ պետք է հասկանա իր անձնական պատասխանատվությունը երկրի անկախության հարցում:
Նա նշեց, որ կա հայտարարության մի քանի տարբերակ, և առաջարկեց դրանք փոխանցել Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբի ղեկավարությանը, վստահել գործընկերներին, որոնք նախաձեռնել են նիստը և այդ ամենի ոգով ընդունել մի հայտարարություն, որը կտարածվի բոլորի անունից:
ԳԽ նախկին պատգամավոր Կիմ Բալայանը կտրականապես մերժեց այդ առաջարկը. «Նման առաջարկություն չի կարող լինել, քանի որ Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբի նախագահությունը իրեն ամբողջությամբ վարկաբեկեց, այս նախաձեռնողի կարգավիճակով հանդես եկավ, որոշման նախագիծ ներկայացրեց ԳԽ պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանը, այնուհետև դավաճանաբար, այս իշխանությունների քայլերին համահունչ որոշում կայացրեցին նիստին չմասնակցել: Բայց եղած նախագծերը, որոնք մոտ 5-ն են, այստեղ են, ես առաջարկում եմ ստեղծենք խմբագրական հանձնաժողով, որպեսզի ի մի բերեն, և հաջորդ հանդիպման ժամանակ ԳԽ անունից հայտարարենք»:
Խոսրով Հարությունյանը ներողություն խնդրեց՝ նշելով, որ տեղյակ չի եղել դրանից:
Կիմ Բալայանն առաջարկեց խմբագրական հանձնաժողովի նախագահ նշանակել Սուրեն Զոլյանին և նախագծի հեղինակներին ընդգրկել այդ հանձնաժողովի կազմում: ԳԽ պատգամավորները համաձայնեցին առաջարկին, նշվեց, որ հաջորդ հանդիպման վերաբերյալ նախապես կհայտարարվի:
Մանրամասները՝ տեսանյութում