«Այսօր 4 կողմդ նայում ես և չգիտես՝ ո՞ր երկրի գործակալ է». Ռաֆիկ Ղազինյան

ԳԽ նախկին պատգամավոր Ռաֆիկ Ղազինյանը Գերագույն խորհրդի նիստին նշեց, որ առավոտ շուտ արթնացել և Ալավերդուց հասել է Երևան, իսկ Երևանում և երևանամերձ տարածքներում ապրող իր շատ գործընկերներ չեն մասնակցում նիստին:

«Այսօր քաղաքական դաշտն իրենց ձեռքն են վերցրել այն երիտասարդները, որ 90 թվականից հետո են ծնվել, և տեղյակ չեն, իրենց համար եմ ասում՝ 60-ից ավելի գիտության դոկտոր-պրոֆեսորներ ունեինք: Կար սրտացավություն, դող, կռիվ էին տալիս, իրար շատ ծեծել ենք, արյունոտել ենք, բայց վերջում իրար հետ համբուրվել ենք, որովհետև մի գեղեցիկ օրենք ենք ընդունել, այս հռչակագիրն է ստեղծվել: 90-ականներից հետո ծնված մեր երիտասարդությանը, որ սրճարաններում եմ տեսնում, ուզում եմ ասել՝ մի հատ նայեք մեր հագուկապին, այս ենք մենք՝ նախկիններս: Մեր խորհրդարանից դուրս են եկել 4 նախագահ, 6 վարչապետ, տարբեր նախարարներ: Այն ժամանակ անհանգստանում էինք, ասում էինք՝ սա կարո՞ղ է ԿԳԲ-ի գործակալ լինի, իսկ այսօր 4 կողմդ նայում ես և չգիտես՝ ո՞ր երկրի գործակալ է»,- ընդգծեց նա:

Ռաֆիկ Ղազինյանը չգիտի՝ իր թոռն այսօր ինչո՞վ հպարտանա. «Ասի՝ պապիկս ազատագրեց այս տարածքը, որը չկա՞: Իմ 34 տարվա կենսագրությունը իմ թոռան հպարտությունից հանվեց, ես եկել եմ այսօր իմ բողոքը հայտնեմ, ասեմ, որ վաղը ես, իմ թոռը որևէ բան չունենք հպարտանալու: ԳԽ այս բոլոր պատգամավորները պատրաստ են այսօր էլ գնալ Լաչինի միջանցքում նստել, եթե պետք է, առաջնագծում կանգնել: Հույս ունեմ, որ առաջիկայում մենք ավելի լուրջ ձևով կհավաքվենք մեր բոլոր պատգամավորներով, մենք ենք կրողը այս հռչակագրի: Բոլոր ելույթներում հնչած բոլոր բառերն ու կոչերը կիսում եմ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս