Պետական մարմինների «սրտի» մատակարարը՝ Ալեն Սիմոնյանի ընկեր, ԱԺ աշխատակազմի ղեկավարի ընտանիքին պատկանող ՍՊԸ
2021թ. օգոստոսի 3-ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո Վահան Նարիբեկյանի ընտանեկան բիզնեսը «ծաղկում է»: Այս տարին ևս բարեբեր է Նարիբեկյանների համար:
Դեռ մայիսին մենք տեղեկացրել էինք, որ Նարիբեկյաններին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն 2022 թ. հունվարից պետական տարբեր մարմինների հետ կնքել է միլիոնավոր դրամների տասնյակ պայմանագրեր, այդ թվում՝ մեկ անձից գնման կամ առանց մրցույթի ընթացակարգով:
Այս մասին՝ առավել մանրամասն.
Պետգնումների armeps.am համակարգի տվյալներով՝ «Արգավանդ կահույքը» տարին մեկնարկել է Ֆինանսների նախարարության հետ բազկաթոռների մատակարարման պայմանագրի կնքումով.
Հունվարին 11-ին կնքված պայմանագրի գինը կազմում է 2 միլիոն 722 հազար դրամ:
Փետրվարին ընկերությունը 3 միլիոն 25 հազար դրամի պայմանագիր է կնքել նախ Ոստիկանության հետ, ապա 7 միլիոն 452 հազար դրամի մեկ այլ պայմանագիր՝ Բժշկական համալսարանի հետ՝ պարտավորությամբ մատակարարել կահույք և կենցաղային տեխնիկա:
Մարտին պայմանագրեր են կնքվել Սահմանադրական դատարանի (ՍԴ) հետ (730 հազար դրամ), Հանրային հեռուստաընկերության հետ (280 հազար դրամ), Նախագահի աշխատակազմի հետ (115 հազար դրամ):
Ապրիլին այս ՍՊԸ-ն որպես մատակարար է ընտրվել Արդարադատության նախարարության համար՝ կնքելով 1 միլիոն 798 հազար դրամ արժողությամբ պայմանագիր, Էկոնոմիկայի նախարարության համար, որի հետ պայմանագրի գինը 2 միլիոն 166 հազար դրամ է և Երևանի քաղաքապետարանի համար՝ 308 հազար դրամի գրասենյակային կահույք մատակարարելու պարտավորությամբ:
Մայիսին «Արգավանդ կահույքը» պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագիր է կնքում վարչապետի աշխատակազմի հետ, որի գինը կազմում է շուրջ 3 միլիոն 56 հազար դրամ, Երևանի քաղաքապետարանի հետ՝ 1 միլիոն 890 հազար դրամ արժողությամբ, Չարենցավանի և Աշտարակի համայնքապետարանների հետ՝ համապատասխանաբար՝ 900 հազար և 650 հազար դրամի պարտավորությամբ, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հետ՝ 2 միլիոն 532 հազար դրամ ընդհանուր գնով:
Հունիսին ընկերության հետ դարձյալ Երևանի քաղաքապետարանն է կնքում գրասենյակային կահույքի ձեռքբերման պայմանագիր՝ այս անգամ 270 հազար դրամի:
Օգոստոսին ընկերությունը 384 հազար դրամի դիմաց աթոռներ է մատակարարել «Երևանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ին, 13 միլիոն 731 հազարի դիմաց՝ գրասենյակային կահույք Պետեկամուտների կոմիտեին, և ընդամենը օրեր առաջ՝ օգոստոսի 16-ին, 1 միլիոն 170 հազար դրամի «ապրանք» է մատակարարել Երևանի քաղաքապետարանին:
Ի դեպ, Աշտարակի համայնքապետարանի, ՀՀ վիճակագրական կոմիտեի, Հանրապետության նախագահի աշխատակազմի, «Հայաստանի հանրային Հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի և ՀՀ սահմանադրական դատարանի դեպքում գնման գործընթացը եղել է «մեկ անձ» ընթացակարգով:
Հիշեցնենք՝ անցյալ տարի օգոստոսի 3-ին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվեց նրա ընկերը՝ Վահան Նարիբեկյանը:
Մեր հրապարակման մեջ մենք անդրադարձել էինք, թե ո՞վ էր Վահան Նարիբեկյանը մինչև ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվելը, և թե ինչ հարաբերություններ ունեն ինքը և Ալեն Սիմոնյանը:
Հիշեցրել էինք նաև Նիկոլ Փաշինյանի 201թ. խոսքերը՝ խնամի-ծանոթ-բարեկամներով պետական կառավարման համակարգը լցնելու մասին.
«Կառավարման համակարգը ո՞նց ա աշխատել մինչև հիմա՝ էլի հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել՝ լցրել են, տեղավորել են պետական կառավարման համակարգ: Հիմա էսպիսի խնդիր չկա դրված»,- 2018 թ. օգոստոսի 9-ի նիստում հայտարարել էր Փաշինյանը, որի իշխանության օրոք Ազգային ժողովն ու կառավարությունը հեղեղված է իրենց խնամի-ծանոթ-բարեկամ-սիրուհիներով:
Այդ օրերին 168.am-ը տեղեկացրել էր, որ Վահան Նարիբեկյանը Արգավանդ համայնքի նախկին համայնքապետ Սամվել Նարիբեկյանի որդին է, «Արգավանդ կահույք» խանութների տնօրենը և սեփականատերը: Ըստ «օդում կախված լուրերի»՝ Ալեն Սիմոնյանն այլ առնչություն ևս ունի այդ բիզնեսի հետ:
2018 թվական դեկտեմբեր 7-ին հենց Նարիբեկյանի «Արգավանդ կահույքն» էր իշխանափոխությունից հետո հաղթող ճանաչվել «Ազգային ժողովի կողմից զանազան կահույքի ձեռքբերման նպատակով կազմակերպված էլեկտրոնային աճուրդում:
2020 թվականի փետրվարի 3-ին Արգավանդ գյուղում «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի նոր խանութ-սրահի բացման միջոցառմանը մասնակցողների մեջ է նաև ԱԺ փոխխոսանկի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն ու նրա տիկինը, նրա նախկին օգնական՝ այսօր արդեն իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, նրանց մերձավոր շրջապատի այլ ներկայացուցիչներ:
2021 թ. օգոստոսի 3-ին պաշտոնը ստանձնելուց հետո Վահան Նարիբեկյանը բիզնեսի կառավարումը հանձնում է եղբորը՝ Գարիկ Նարիբեկյանին, որն արդեն 2018 թվականի հուլիսին հիմնադրված «Դամկար» ՍՊԸ սեփականատերն է: Ի դեպ, «Դամկարը» ևս շատ արագ կարողացել է դառնալ պետական մարմինների ֆավորիտ մատակարարը՝ կնքելով մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ «մեկ անձ», «հրատապ մեկ անձ» գնման ընթացակարգերով: