«Հայաստանի հետ սահմանը պիտի բացենք». թուրք վերլուծաբան

Թուրքական «EkoHaber» լրատվական կայքի սյունակագիր Մուսա Ալիօղլուն «Հայաստանի հետ սահմանը պիտի բացենք» վերտառությամբ հոդված է հրապարակել։

Թուրք վերլուծաբանը նախ անդրադարձել է Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կենսագրությանը՝ հիշեցնելով, որ դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1990-ականներին, իսկ միջպետական սահմանները փակվել՝ 1993-ին։

Որոշակի առաջընթաց նկատվեց 2008թ. մեկնարկած ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, երբ երկու երկրների նախագահները փոխայցեր կատարեցին Երևան և Բուրսա՝ դիտելու Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղերը։ Բայց հետո զարգացում չեղավ և հարաբերությունները վերադարձան նախկին հուն։

Գալով արդեն նորագույն շրջանին՝ հոդվածի հեղինակը նշում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում 2021թ. նշանակվեցին հատուկ ներկայացուցիչներ։ Իսկ 2022-ի փետրվարից Հայաստանի և Թուրքիայի միջև վերականգնվեց ավիահաղորդակցությունը

Ըստ հոդվածագրի հայտնած տեղեկությունների՝ Fly One Armenia օդանավը 2022-ի փետրվար-հուլիս ժամանակահատվածում Ստամբուլ է բերել է 9309 ուղևոր, իսկ նույն ժամանակահատվածում այնտեղից Երևան է տեղափոխել 7737 ուղևոր։

Ուղևորների սակավաթիվ լինելու պատճառը Մուսա Ալիօղլուի կարծիքով նախ այն է, որ Հայաստանի բնակչությունը շուրջ 3 միլիոն է։ Բացի այդ, ամենամեծ գործոնը երկու ժողովուրդների օտարումն է, որը շարունակվում է ավելի քան 100 տարի։

«Ինչ անունով էլ կոչենք, մեկ է, 1915թ. ցավալի իրադարձությունները պատմական փաստ են՝ երկու ժողովուրդների կողմից կսկիծով հիշվող։ Բայց դե հնարավոր է, որ երկու ժողովուրդների հարաբերությունների զարգանան, եթե մարդիկ իրար հետ շփվեն ու ծանոթանան»,- տեսակետ է հայտնում Ալիօղլուն։

Նա «լավ զարգացում» է համարում այն, որ Հայաստանից մարդիկ են Թուրքիա գնում աշխատելու, գործուղումների կամ տեսարժան վայրեր դիտելու։ Միևնույն ժամանակ ցանկալի է համարում, որ նույն կերպ էլ թուրք ժողովրդից մարդիկ գնան Հայաստան և ծանոթանան այդ երկրի հետ։

«Իր պատմությամբ, արվեստով, մշակույթով, գեղատեսիլ բնությամբ և խոհանոցով գրավիչ Հայաստանը կարող է լինել շատ լավ զբոսաշրջային ուղղություն մեզ համար։ Եվ տեղին կլինի, որ «Թուրքիայի տուրիստական ​​գործակալությունների ասոցիացիան» (TÜRSAB) գործակցի Հայաստանի զբոսաշրջային կառույցի հետ»։

Մուսա Ալիօղլուն խիստ կարևոր է համարում Աքյաքա շրջանում գտնվող հայ-թուրքական ցամաքային սահմանի «Դողուքափը» անցակետի բացումը Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիների համար, այլ ոչ թե միայն 3-րդ երկրների քաղաքացիների համար, ինչպես որ պայմանավորվել են հատուկ ներկայացուցիչները։

Ցամաքային ճանապարհը կարևոր է, քանի որ, ըստ Ալիօղլուի, Հայաստանից եկող պոտենցիալ զբոսաշրջիկները ավիափոխադրումներից բացի կնախընտրեն նաև ցամաքային ճանապարհը, որը հնարավորություն կտա գումար տնտեսել։

«Հազարավոր մարդիկ կարող են այցելել հայկական քաղաքակրթության համար շատ կարևոր նշանակություն ունեցող Անիի ավերակներ, Վան ու նրա շրջակայքը։ Բացի այդ, Ստամբուլի օդանավակայանը կարող է լինել տարանցիկ երթուղի Եվրոպայում, Ամերիկայում և այլ երկրներում ապրող սփյուռքահայերի համար, ովքեր կցանկանան հայրենիք այցելել»,- գրում է Մուսա Ալիօղլուն և հոդվածը եզրափակում հետևյալ մեջբերմամբ.

«Ինչպես ասում են՝ «Պետությունները չեն ունենում հուր-հավիտյան բարեկամներ կամ թշնամիներ, ունենում են հավերժական շահեր»։ Ու այս հարցը մարդկային տեսանկյունից դիտարկելուց բացի, կարող ենք դիտարկել նաև տնտեսական տեսանկյունից»:

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս