Վերաքննիչ քրեական դատարանի «հրաշալի վեցնյակի» կազմը լրացվեց. ո՞վ է նորանշանակ կին դատավորը
Օգոստոսի 12-ին Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում, այսպես կոչված, «կալանք տվող» դատավորների վեցնյակից իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր դատավոր Տիգրան Սիմոնյանը, և այդ տեղը լրացնելու կարիք կար ըստ էության:
Մարինե Մելքոնյանն ավելի վաղ դատավորների առաջխաղացման ցուցակում, ըստ 168.am-ի տեղեկությունների, հայտնվել էր Վերաքննիչ քրեական դատարանի՝ արդեն իսկ նախկին նախագահ Տիգրան Սահակյանի բարձր հովանու ներքո: Ի դեպ, ասում են, ժամանակին Մարինե Մելքոնյանը նրա քարտուղարուհին է եղել, և հենց Տիգրան Սահակյանի օգնությամբ էլ դարձել է դատավոր, ապա նաև նրանց մտերմությունն է թերևս դեր խաղացել, որ նա հայտնվի Վերաքննիչ քրեական դատարանի թեկնածուների ցուցակում:
Մարինե Մելքոնյանին ճանաչողները նրան բնութագրում են որպես նորմալ մարդ ու բավականին բանիմաց դատավոր, ով երբեմն-երբեմն կարող է նաև համարձակ որոշումներ կայացնել:
Կկարողանա՞ արդյոք Մարինե Մելքոնյանը զերծ մնալ քաղաքական պատվեր կատարելու գայթակղությունից, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, եթե հաշվի առնենք այն գործառույթները, որոնք ի պաշտոնե տրված են նրան:
Միայն հիշեցնենք, որ Մարինե Մելքոնյանն այն դատավորն էր, ով քննելով գեներալ Մանվել Գրիգորյանի գործը, առողջական լրջագույն խնդիրներ ունեցող ռազմական գործչի խափանման միջոցը տևական ժամանակ ոչ մի կերպ չէր փոխում, և միայն դատախազության նախաձեռնությունից հետո Մանվել Գրիգորյանը կարողացավ գտնվել ազատության մեջ: