Զինծառայողների համար նախատեսված ֆուտբոլային ակումբում խաղում են նաև տարիքով ավագները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2019 թվականին հիմնադրված բանակի կենտրոնական մարզական ակումբում չնայած որ պետք է խաղան ֆուտբոլիստ-զինծառայողները, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականում այդպես չէ, եւ այժմ ակումբում հանդես են գալիս նաեւ ֆուտբոլիստներ, որոնք, օրինակ, 31 տարեկան են։
Այս խայտառակության առիթով մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց բանակի կենտրոնական մարզական ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանին՝ հասկանալու համար, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել։ Վերջինս նշեց. «Այժմ ունենք երկու ակումբ, որից մեկը խաղում է Պրեմիեր լիգայում, մյուսը՝ Առաջին խմբում։
Երկու ակումբների համար անհրաժեշտ է 50-ից ավելի ֆուտբոլիստ, սակայն Պաշտպանության նախարարությունն այս նախագծի համար տալիս է միայն 25 քվոտա, այսինքն՝ դրանից ավելի ծառայող ֆուտբոլիստ չունենք։
Մեր առաջին թիմում, որը խաղում է Պրեմիեր լիգայում, ներգրավում ենք նաեւ ֆուտբոլիստների, որոնք Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուներ են, որպեսզի իրենք էլ խաղան եւ օգնեն հավաքականին։ Նրանց ներգրավելու պատճառը միայն այն է, որ ՊՆ-ն մեզ տրամադրում է միայն 25 տեղ։ Տարիքով ավագ ֆուտբոլիստները մեր թիմում խաղում են թիմը լրացնելու եւ պատշաճ հանդես գալու համար։ Միեւնույն ժամանակ սա հենց ՊՆ-ի կողմից լավ նախաձեռնություն է երիտասարդների համար, որոնք կարող են խաղալ թիմում», – նշեց նա։
Ամեն դեպքում, ստացվում է՝ ի սկզբանե միայն ֆուտբոլիստ զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաեւ այլ ֆուտբոլիստներ թեկուզեւ ՊՆ-ի կարգավորումների պատճառով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։