Իտալիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Տրեվինյանո Ռոմանո քաղաքի քաղաքապետի հետ
Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը այցելել է Տրեվինյանո Ռոմանո քաղաք, որտեղ հանդիպել է քաղաքապետ Կլաուդիա Մաչուկկիի և քաղաքային իշխանությունների հետ:
Այս մասին հայտնել են դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Տրևինյանո Ռոմանոյի և Հայաստանի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները։
Քաղաքապետ Կլաուդիա Մաչուկկին ողջույնի խոսքում նշել է, որ իր համար մեծ պատիվ է ընդունել Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանին: «Ուրախ եմ այսօր այստեղ ընդունել ՀՀ դեսպանին: Մեր փոքրիկ քաղաքում, որի սիրտը ձգված է դեպի Հայաստան՝ Հայաստանից եկած երկու հայրենակիցների՝ Էդուարդո և Մարիո Պարադիսի Ամիրխանյանների շնորհիվ, այսօր՝ ի դեմս տիկին Էլզա Պարադիսի Ամիրխանյանի, ով ներկայացնում է Հռոմի և Հայ համայնքների ասոցիացիան։ Երկու անհատներ, ովքեր իրենց ողջ կյանքն աշխատեցին ի շահ օգնության ու կարիք ունեցողների՝ երբեք չխղճալով իրենց։ Հենց նրանք էլ իրենց գործունեության շնորհիվ Հայաստանին դարձրին հայտնի ու սիրված այստեղ՝ Տրեվինյանո Ռոմանո քաղաքում»,- ասել է քաղաքապետը։
Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին և Տրեվինյանոյի բոլոր բնակիչներին ջերմ և բարեկամական ընդունելության համար: «Ճանապարհին տեսա շրջակա միջավայրը, բնությունը և առանձնահատուկ նմանություն գտա Հայաստանի և Տրեվինյանոյի միջև, որը նույնպես անմիջական ելք չունի դեպի ծով, բայց ունի գեղեցիկ լիճ, ինչպիսին մեր Սևանա լիճն է: Կարծում եմ, որ պատմությունը առատաձեռն է եղել մեզ հետ՝ հիմք ստեղծելով մեծ համագործակցության համար, մասնավորապես՝ զբոսաշրջության և մշակութային տեսանկյունից, և ստեղծելով ամուր պայմաններ կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար»,- ասել է դեսպանը։
Դեսպանը նաև ներկաներին ծանոթացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակին և շնորհակալություն հայտնեց Տրեվինյանո Ռոմանո քաղաքին աջակցության համար։
Հանդիպման ավարտին քաղաքապետի ուղեկցությամբ դեսպանն այցելել է քաղաքային թանգարան։