Մեղրաձորում կատարված դանակահարությունը բացահայտվել է
Օգոստոսի 9-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց «Հրազդան» բժշկական կենտրոնից. «որովայնի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ:
Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ստացվեց օպերատիվ տվյալ, որ հիվանդանոցային հաղորդումից մոտ կես ժամ առաջ Մեղրաձոր գյուղում տուժած երիտասարդն ու նրա 53-ամյա հայրը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 49-ամյա համագյուղացու հետ, փոխադարձ հարվածներ հասցրել, և այդ ընթացքում էլ համագյուղացին դանակահարել է երիտասարդին:
Հանցագործության գործիքը հայտնաբերվել է:
Հաղորդումից մոտ երկու ժամ անց հայտնաբերվեց նաև դանակահարողը: Նա ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժին։
Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: