Ադամ Շիֆը ԱՄՆ վարչակազմին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի գործողությունները Արցախի դեմ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Արցախի ժողովրդի դեմ: «Ֆեյսբուք»-ի իր էջում Շիֆը գրել է, որ խորապես մտահոգված է նրանով, որ Ադրբեջանի կողմից հրադադարի մասին համաձայնագրի ուղղակի խախտման հետևանքով եղել են զոհեր:

«Հազիվ թե սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանն առանց պատրվակի հարձակվում է հայկական ուժերի վրա, և եթե Միացյալ Նահանգները անհապաղ գործողություններ չձեռնարկի Ալիևի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար, ապա դա վերջինը չի լինի։ Չափազանց կարևոր է, որ Պետդեպարտամենտն օգտագործի իր բոլոր դիվանագիտական խողովակները և լծակները լարվածությունը նվազեցնելու և Ամերիկայի անսասան աջակցության համար Հայաստանի ինքնիշխանությանն ու Արցախի տարածքային ամբողջականությանը»,- գրել է Շիֆը:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահի խոսքով՝ նա բազմիցս կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին,տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացնել Արցախին մարդասիրական և տնտեսական օգնության համար, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության ամբողջական արգելք սահմանել և վերսկսել ԵԱՀԿ-ի միջոցով Մինսկի խմբի ամերիկյան մասնակցությունը՝ խաղաղ գործընթացն ակտիվացնելու համար։

«Այդ գործողություններից յուրաքանչյուրը վճռորոշ նշանակություն ունի հայ ժողովրդի պաշտպանության համար և վճռական ազդանշան է ուղարկում այն մասին, որ Ամերիկան կարող է և կպաշտպանի ժողովրդավարությունը ողջ աշխարհում։ Ես միշտ լինելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»,- գրել է Շիֆը:

Տեսանյութեր

Լրահոս