Տապի պատճառով վտանգի ամենաբարձր մակարդակ են հայտարարել Իտալիայի 16 խոշոր քաղաքներում

Իտալիայի առողջապահության նախարարությունը եղանակայն վտանգի ամենաբարձր՝ կարմիր, մակարդակ է հայտարարել երկրի 16 քաղաքներում, այդ թվում Հռոմում, շաբաթ օրն սպասվող շոգ եղանակի պատճառով: Համապատասխան ծանուցումն օգոստոսի 5-ին զետեղվել է գերատեսչության կայքում։

Շոգ եղանակի պատճառով օդերեւութաբանները հորդորում են պահպանել նախազգուշության բոլոր միջոցները: Առանձնապես դա վերաբերում է երեխաներին եւ տարեց մարդկանց: Նրանց խորհուրդ է տրվում հնարավորինս մնալ տանը, խմել ավելի շատ ջուր եւ սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնությունները:

Իտալիայի Ազգային գիտահետազոտական խորհրդի Մթնոլորտային գիտությունների եւ կլիմայի ինստիտուտի տվյալները վկայում են, որ Իտալիայում ջերմաստիճանն ընթացիկ տարվա 7 ամսվա ընթացքում առաջին անգամ 0,98 աստիճանով բարձր է միջին պատմական մեծությունից:

Հունիսին միջին ջերմաստիճանը 2,88 աստիճանով բարձր է եղել միջնից, ինչը մոտ է առավելագույնին, որն արձանագրվել է 2003 թվականին, իսկ հուլիսին՝ 2,26 աստիճանով էր բարձր միջինից: Իտալիայի Coldiretti գյուղտնտարտադրողների ասոցիացիան չի բացառում, որ չորային եղանակից վնասն Իտալիայում կարող է հասնել 6 միլիարդ եվրոյի, ըստ որում գյուղատնտեսական ճյուղի արտադրության ծավալները կարող են կրճատվել 10 տոկոսով:

Ագրարային աշխատողները նախազգուշացնում են, որ երկրի տարածքի մեկ քառորդից ավելին գտնվում է անապատացման սպառնալիքի տակ, իսկ ցորենի արտադրությունն Իտալիայում այս տարի, երաշտի պատճառով, հավանաբար, կնվազի 30 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս