Ուկրաինական եգիպտացորենով բեռնված առաջին նավը հաջողությամբ ստուգում է անցել Ստամբուլում
Համատեղ համակարգող կենտրոնի մասնագետները Ստամբուլում ավարտել են 27 հազար տոննա ուկրաինական եգիպտացորենով բեռնված Razoni չորաբեռնատար նավի ստուգումը: Այդ մասին հաղորդել է «Անադոլու» գործակալությունը:
Այժմ, ինչպես սպասվում է, նավն ուղղություն կվերցնի դեպի Լիբանան: Ավելի վաղ հաղորդվել է, որ օգոստոսի 3-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի պատվիրակությունների ներկայացուցիչները եւ տեսուչները բարձրացել են նավ՝ համաձայնագրի պայմաններով բեռի համապատասխանության ստուգում անցկացնելու համար, որն ստորագրվել է հուլիսին:
Հուլիսի 22-ին Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել երկու փաստաթղթերի ստորագրում ուկրաինական տարածքի երեք նավահանգիստներից (Չեռնոմորսկի, Օդեսայի եւ Հարավային) հացահատիկի դուրսբերման համար միջանցք ստեղծելու վերաբերյալ:
Ուկրաինական հացահատիկով բեռնված առաջին նավը (Razoni չորաբեռնատարը, որն ընթանում է Սիեռա-Լեոնեի դրոշի ներքո) Օդեսայի նավահանգստից դուրս է եկել օգոստոսի 1-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: