Թուրքիայում շարունակում է մեծ խնդիր մնալ չինովնիկների կողմից լուրջ իրավախախտումների անպատժելիությունը. Human Right Watch
Human Right Watch (HRW) հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2012 թվականին աշխարհի ավելի քան 90 երկրներում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի մասին թվով 23-րդ տարեկան զեկույցը:
Թուրքիայի հետ կապված՝ զեկույցում նշված է, որ Թուրքիան պետք է հրաժարվի հակաահաբեկչական օրենքների լայն գործածումից, որի հետևանքով բանտերում են հայտնվել հազարավոր ակտիվիստներ ու լրագրողներ: Զեկույցում ողջունվում են 2012 թվականին նոր Սահմանադրության մշակման ուղղությամբ կատարված քայլերը:
Զեկույցում նշված է, որ Թուրքիայում սահմանափակված է ազատ արտահայտվելը, դատական համակարգն ունի բարեփոխման կարիք: Ընդգծվում է, որ 2012 թվականին հաճախակիացել են քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության հետ կապված քաղաքական գործիչների, լրագրողների, իրավապաշտպանների ձերբակալությունները:
Մեծ խնդիր է շարունակում հանդիսանալ չինովնիկների գործած լուրջ խախտումների անպատժելիությունը: Այդ պլանում ընդգծվել է 2011 թվականի դեկտեմբերի 28-ին գրանցված Ուլուդերեի միջադեպի հետաքննությունը, երբ թուրքական ավիացիան սխալմամբ սպանել էր 34 խաղաղ քուրդ բնակիչների:
Զեկույցում անդրադարձ է կատարված նաև Հրանտ Դինքի սպանության խնդրին, որ 2012 թվականին առաջընթաց չի գրանցվել այդ գործի բացահայտման մեջ: Միակ քիչ թե շատ առաջընթացը Յասին Հայալին՝ որպես Հրանտ Դինքի սպանության ծրագրող՝ ցմահ ազատազրկման դատապարտելն է