Նոտար Ալվարդ Մելքոնյանը պարզաբանում է
«Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Ալվարդ Մելքոնյանն այսօր 168.am-ին պարզաբանում է տվել վերջին օրերին իր հասցեին հնչեցված մեղադրանքների վերաբերյալ: Գագիկ Պապոյանի կողմից կառուցապատվող, Արամի 72-80 հասցեում գտնվող շենքի խաբված բնակիչները նոտարին մեղադրում են, իբր վերջինս առուվաճառքի մի քանի նախնական պայմանագրեր է կնքել այս շենքում, ինչի արդյունքում էլ հնարավոր է եղել մեկ բնակարանը վաճառել մի քանի մարդու, և իբր նոտարը մի քանի կնիք է օգտագործել պայմանագրերը կնքելիս:
«Առ այսօր նոտարի կողմից կնքված առուվաճառքի նախնական պայմանագրերի հաշվառում և վերահսկողություն նոտարի կողմից չի իրականացվում: Օրենքով նման բան նախատեսված չէ: Դա բացառապես կառուցապատողի պարտականությունն է:
Նոտարի Ալվարդ Մելքոնյանի վրա լուտանքներ թափողներին Արդարադատության նախարարությունը կարող էր պարզաբանել, որ օգտագործման ընթացքում կնիքի տառերը մաշվելու, թվերը և տառատեսակները մեծանալու կամ այլ վնասվածքների պատճառով Արդարադատության նախարարության և Ոստիկանության համապատասխան թույլտվությամբ, «Տեխնիկա պլյուս» կնիքների պատրաստման ձեռնարկությունը ոչնչացված հին կնիքի փոխարեն նոտարին տրամադրում է նոր կնիք, որով և նոտարը շարունակում է աշխատել»,- նշում է Ա. Մելքոնյանը։