Հունահռոմեական ոճի ըմբիշները 4 մեդալ են նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշարում
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտված «Ziolkowski, Pytlasinski» ըմբշամարտի միջազգային մրցաշարում: Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Եզրափակիչ գոտեմարտում Գալստյանը 8:1 հաշվով հաղթել է Ճապոնիայի ներկայացուցչին և դարձել է ոսկե մեդալակիր։
Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալներ են նվաճել Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Կարապետ Չալյանը (82 կգ):
Խաչատրյանը եզրափակչում գոտեմարտել է հունգարացի Ռոբերտ Աթիլայի հետ և պարտություն կրել, իսկ Չալյանը զիջել է Նորվեգիայի ներկայացուցիչ Էքսող Մուկուբիին:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր է դարձել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 87 կգ Գևորգ Թադևոսյանը, պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը գրավել է 5-րդ տեղը, իսկ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը դուրս են մնացել մեդալային պայքարից:
Թիմը մրցաշարին մասնակցում էր նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ:
Ավելի վաղ, Վարշավայում անցկացվող ըմբշամարտի միջազգային մրցաշարում հաջող մասնակցություն էր ունեցել նաև Հայաստանի ազատ ոճի հավաքականը:
Հավաքականի կազմում ընդգրկված 4 ըմբիշներն էլ դարձել էին մեդալակիրներ: Մրցաշարի հաղթողի տիտղոսն ու ոսկե մեդալը նվաճել էր 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Հայ ըմբիշը եզրափակչում 3:2 հաշվով առավելության էր հասել ԱՄՆ ներկայացուցչի նկատմամբ:
Արծաթե մեդալակիր էր դարձել 79 կգ քաշային Արման Ավագյանը: Եզրափակչում մեր ըմբիշը 2:10 հաշվով զիջել էր Ուկրաինայի ներկայացուցչին։
Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ), դարձել էին բրոնզե մեդալակիրներ՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: