Ինչո՞ւ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, MediaNews.am-ի սեփականատեր Տարոն Չախոյանը չի ներկայացել հարցաքննության
«Երեք կարևոր արձանագրում եմ ուզում անել: Առաջին՝ Ավետիք Չալաբյանի գործին առնչվող այս ապօրինությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ՀՀ-ում խախտված է սահմանադրական կարգը, և մեկ անձի կողմից իշխանության բոլոր թևերի իրավազորությունները ուզուրպացված են»,- այսօր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբանական թիմի և ընկերների համատեղ ասուլիսում ասաց «Համախմբում» շարժման անդամ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը:
Վերջինս երեք փաստ նշեց՝ ի ապացույց այս հայտարարության:
«1-ին՝ թե Քննչական կոմիտեի, թե Դատախազության, և թե դատարանների կողմից քաղաքական պատվերի կատարումը, 2-րդ՝ Ավետիք Չալաբյանի գործի առնչությամբ ԱԺ մեկ խմբակցությունը մեկ մարդու նման Քրեական օրենսգրքում փոփոխություն է կատարում՝ հանուն մեկ մարդու, որպեսզի Ավետիք Չալաբյանին մեղսագրվող հոդվածը շարունակի պարունակել հանցակազմ, և 3-րդ՝ իշխանություններից անկախ՝ որպես պետական մարմին հանդիսացող Կենտրոնական բանկը, որի խորհրդի անդամ է Ավետիք Չալաբյանի եղբայրը՝ Արա Չալաբյանը, իշխանությունը հալածանք է սկսում նաև Չալաբյանի եղբոր նկատմամբ՝ նպատակ ունենալով նրան հեռացնել աշխատանքից և այդպիսով ազդել Ավետիք Չալաբյանի վրա»,- ասաց Մենուա Սողոմոնյանը:
Ըստ նրա՝ 2-րդ կարևոր արձանագրումն այն է, որ ապօրինությունների այս միտումը խորանալու է այն պատճառով, որ Հայաստանի գործընկեր կառույցներն իրենց դիրքորոշումներով խրախուսում են:
«Խոսքը հատկապես վերաբերում է ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցչի արած այն հայտարարությանը, որ իր կարծիքով՝ իբրև թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Այսպիսի հայտարարությունը կանաչ լույս է վառում Նիկոլ Փաշինյանի կողմից նոր բռնաճնշումներ, քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար»,- նշեց «Համախմբում» շարժման անդամը:
Շարժման երրորդ կարևոր արձանագրումը վերաբերում էր Ավետիք Չալաբյանին պատժելու քաղաքական պատճառներին:
«Դրանք երկուսն են: Առաջինը՝ Ավետիք Չալաբյան անձը՝ որպես Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդ, և երկրորդ՝ Ավետիք Չալաբյանի օրակարգը՝ որպես հակընդդեմ օրակարգ այն վտանգավոր, կործանարար ուղեծրին, որն իրականացվում է գործող իշխանությունների կողմից»,- ասաց Մենուա Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ Ավետիք Չալաբյանի անցած ուղին, անձնական ու մասնագիտական հատկանիշները, կառավարչական հմտությունները, նրա ստացած կրթությունը, կոռուպցիոն անցյալից զերծ լինելու հանգամանքն իսկական մղձավանջ են գործող իշխանությունների համար՝ քաղաքական դաշտում այսպիսի մրցակից ունենալու առումով:
Հաջորդիվ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից կարդաց կինը՝ Անահիտ Ադամյանը:
Իսկ քրեական գործով վերջին դատական նիստի մանրամասները ներկայացրեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
«Նախաքննության ընթացքում ծանուցագրեր են ուղարկվել վկաներին: Նրանցից շատերը, այդ թվում՝ MediaNews.am կայքի երևի թե սեփականատերը կամ տնօրենը, չեն եկել հարցաքննության: Քննիչը գտել է, որ և նշված կայքի տնօրենի ու աշխատակազմի, և ուսխորհրդի անդամների ցուցմունքները կարևոր են քննության համար: Նրանցից ոչ մեկը չի ներկայացել հարցաքննության, բայց քննիչը ոչ մի գործողություն չի արել, հետևողական չի եղել: Առանց այդ մարդկանց հարցաքննելու՝ ավարտել է նախաքննությունը»,- ասաց Վարազդատ Հարությունյանը՝ հավելելով, որ, օրինակ, Ագրարային համալսարանի ռեկտորն ու ծնողական խորհրդի անդամներից մեկը հարցաքննության ժամանակ այնպիսի ցուցմունքներ են տվել, որ դրանցով Ավետիք Չալաբյանի մեղքն ընդհանրապես չի հիմնավորվում:
Վարազդատ Հարությունյանը նկատեց, որ MediaNews.am կայքը պատկանում է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին: Հենց այդ կայքն էր հրապարակել Չալաբյանի գործի հիմքում դրված հայտնի ձայնագրությունը:
«Մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել՝ կապված Ավետիք Չալաբյանի՝ հաղորդակցության գաղտնիության խախտման հետ»,- ասաց փաստաբանը:
Վարազդատ Հարությունյանը նաև ասաց, որ այսօր նշվեցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու քաղաքական պատճառները, սակայն երեկ քրեակատարողական հիմնարկում իրենց զրույցի ժամանակ Ավետիք Չալաբյանը բացահայտել է նաև այլ, անձնական պատճառ Նիկոլ Փաշինյանի կողմից իր նկատմամբ իրականացվող բռի քաղաքական հետապնդման:
«Բայց քանի որ ես լիազորված չեմ խոսել դրա մասին, հուսով եմ, ինքը՝ Ավետիք Չալաբյանը, դրա մասին կխոսի դատական նիստերից մեկի ժամանակ պատեհ պահի»,- ասաց Վարազդատ Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում