
Էպոսագետն 8 մլն չի վճարել՝ ուրիշների դարդը լացելու համար

«Իմ ի՞նչ գործն է, կամ Արամ Հարությունյանի ի՞նչ գործն է, թե ինչ ճնշումներ են եղել Կոնգրեսի, Դաշնակցության կամ մյուսի վրա: Ես չեմ հասկանում՝ եկել ենք քարոզարշավի, 8 մլն վճարել ենք, որ դատողություններ անենք՝ ով ում վրա ճնշում արեց: Եղբայր, ասելու բան ունես, քո համար ի՞նչ տարբերություն՝ ում վրա են ճնշում գործել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, ով փետրվարի 8-ին պատրաստվում է ինքնաբացարկ ներկայացնել, հայտարարել է, որ այս ընտրությունները լեգիտիմ չեն, քանի որ խորհրդարանական երեք ուժերը՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, իշխանությունների կողմից ճնշումների ենթարկվելով՝ թեկնածու չեն առաջադրել՝ ընտրողներրի 46 տոկոսին զրկելով ընտրության հնարավորությունից:
Վարդան Սեդրակյանը համարում է, որ Արամ Հարությունյանը ոչ թե պետք է տխրի այդ ուժերի համար, այլ մի բան էլ՝ պետք է օգտվի ընձեռված հնարավորությունից: «Մի նստիր, մտածիր, քարոզարշավ արա, թող այդ 46 տոկոսը քեզ ընտրեն, ավելի լավ, մեծ խաղացողները չկան, ավելի մեծ հնարավորություն կա գործելու: Այսինքն՝ ինչ է մտածում 46 տոկոսի մասին: Գիշեր-ցերեկ այդ 46 տոկոսի մասին ի՞նչ է մտածում, որ սովա՞ծ են, շոր չունե՞ն հագնելու»,- նկատեց նախագահի էպոսագետ թեկնածուն՝ նշելով, թե իսկական քաղաքական գործիչը ոչ թե դարդ է անում այլ ուժի համար, այլ այնպես է գործում, որ չկողմնորոշված ընտրազանգվածը հենց իրեն ընտրի: