Կրկնահանցագործը նոր հանցագործություներ է կատարել՝ պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակվելու արդյունքում

Դատարանների կողմից կայացված՝ կրկնահանցագործին պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու չհիմնավորված որոշման, դրա դեմ դատախազության առարկությունների, վերադաս դատարաններ ներկայացրած բողոքների մերժման հետևանքով ազատ արձակվելուց հետո անձը կատարել է նոր, այդ թվում նաև` առանձնապես ծանր հանցագործություններ:

Մասնավորապես, 2017թ. հունիսի 28-ին ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով դատապարտված Է. Եդիգարյանը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. հոկտեմբերի 4-ի դատավճռով Հայաստանում կատարված այլ հանցագործության համար դատապարտվել էր ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Նրա նկատմամբ պատիժ էր նշանակվել ազատազրկում 4 տարի ժամկետով:

ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բացասական զեկույցների հիման վրա, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ պետը 2021թ. ապրիլի 16-ին որոշում է կայացրել դատապարտյալ Է. Եդիգարյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնել։ Այս որոշումը դատապարտյալը բողոքարկել է դատարան, բողոքի դատաքննության ժամանակ դատախազն առարկել է դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեմ:

Չնայած վերոնշյալ հանգամանքներին՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ Է. Եդիգարյանի բողոքը բավարարվել է, և նա պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի մնացած մասը՝ 1 տարի 3 ամիս 9 օրը, կրելուց:

Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ «հաշվի առնելով Է. Եդիգարյանի կողմից պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագիծը և դրա վերաբերյալ կազմված զեկույցները՝ կրած պատիժը բավարար է դատապարտյալի ուղղվելու համար և նա ազատազրկման ձևով նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի»:

Դատարանի այս որոշման դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ, ապա նաև վճռաբեկ բողոքներ, որոնք, սակայն ՀՀ վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից մերժվել են: Արդյունքում, Է. Եդիգարյանն ազատ է արձակվել:

Դրանից հետո վերջինս, գտնվելով վերահսկողության ներքո, Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնում հարուցված քրեական գործով 2022թ. ապրիլի 15-ին ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Ավելի ուշ՝ պարզվել է նաև, որ նա, կրկին վերահսկողության ընթացքում՝ կատարել է նաև այլ, առանձնապես ծանր հանցագործություն: Մասնավորապես, 2022թ. ապրիլի 15-ին ժամը 19-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, ձեռքերով և փայտերով հարվածներ է հասցրել երկու անձի, ինչի արդյունքում վերջիններս տեղում մահացել են:

Եդիգարյանը ձերբակալվել է և ԱՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Տեսանյութեր

Լրահոս