Գերմանիան հայտնել է ռուսական ածուխի և նավթի ներմուծման դադարեցման ժամկետները

Գերմանիան օգոստոսի 1-ից ամբողջությամբ կդադարեցնի ածուխ գնել Ռուսաստանից, իսկ դեկտեմբերի 31-ից երկիրը կհրաժարվի ռուսական նավթից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Շոլցի տնտեսական օգնական Յորգ Կուկիսը՝ ելույթ ունենալով Սիդնեյի միջազգային էներգետիկ ֆորումում:

«Մի քանի շաբաթից մենք կհրաժարվենք ռուսական ածուխից, օգոստոսի 1-ից, պատժամիջոցների համաձայն, մատակարարումները կզրոյանան։

Յուրաքանչյուր ոք, ով ծանոթ է «Դրուժբա» նավթամուղի պատմությանը, գիտի, որ այն Խորհրդային Կայսրության գործիքն էր Արևելյան Եվրոպայում։ Այս կախվածությունից ազատվելը մանրուք չէ, բայց դա հենց այն է, ինչին մենք կհասնենք մի քանի ամսից»,- ասել է Կուկիսը։

Նրա խոսքով, այժմ Գերմանիայի համար առանցքային և շատ դժվար խնդիր կլինի Ռուսաստանից գազից հրաժարվելու լուծումներ գտնելը։ Դրա համար Գերմանիան արագ տեմպերով զարգացնում է LNG ընդունման տերմինալները։ Միաժամանակ նա խոստովանել է, որ ԱՄՆ-ը և Կատարը կարող են Եվրոպային մատակարարել մոտ 30 միլիարդ խորանարդ մետր գազ՝ LNG-ի տեսքով, որը դեռ բավարար չէ ռուսական գազին փոխարինելու համար։

Միջազգային էներգետիկ ֆորումն անցկացվել է հուլիսի 12-13-ը, որը կազմակերպվել է Ավստրալիայի կառավարության և Միջազգային էներգետիկ գործակալության կողմից:

Դրան մասնակցում են Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի և Սամոայի էներգետիկայի նախարարները, ինչպես նաև խոշոր ընկերությունների ղեկավարներ։

Ֆորումի օրակարգում քննարկվել են հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և մաքուր էներգիային անցնելու խնդիրները։

Տեսանյութեր

Լրահոս