Փոփոխվելու է սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը
Ազգային անվտանգության ծառայությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:
Նախագծում ասվում է, որ Սահմանադրությամբ ազգությամբ հայերը Հայաստանում բնակություն հաստատելու պահից ունեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք, սակայն «Քաղաքացիության մասին» օրենքով սահմանված չէ, թե որ պահից է անձը համարվում Հայաստանում բնակություն հաստատած:
«Մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող կամ Հայաստանում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, եթե օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանում: Սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը, որի խնամակալը ՀՀ քաղաքացի է, կարող է ստանալ քաղաքացիություն առանց վերոհիշյալ պահանջների պահպանման: ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում օրենքն առավել մեծ հնարավորություն է սահմանել ազգությամբ հայերի համար, քան ամրագրված է Սահմանադրությամբ»,- նշված է օրինագծի մեջ։
Գործող օրենքի նկատակը, ըստ ԱԱԾ-ի՝ հայրենադարձությունը խթանելն է, սակայն ծառայության կողմից վերջին տարիներին կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված ՀՀ քաղաքացիություն հայցող անձանց մի ստվար զանգվածը, հատկապես Մերձավոր Արևելքի երկրների՝ Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի քաղաքացիները, երբևէ չեն եղել Հայաստանում կամ ժամանել են հազվադեպ` 4-5 տարին մեկ անգամ․ «Իսկ որոշ դեպքերում ժամանել են միայն ՀՀ քաղաքացիություն հայցելու նպատակով և, որպես կանոն, չեն իրականացնում հայանպաստ գործունեություն։ Բացի այդ, եղել են նաև դեպքեր, երբ քաղաքացիություն ստանալուց հետո ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար»։
Նախագծի ընդունման դեպքում օրենքով ամրագրված կարգավորումը կհամապատասխանեցվի Սահմանադրության 47-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին, ազգությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը կիրականացվի առավել արդյունավետ, կնպաստի ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց հայրենադարձությանը, կնվազեցնի ազգությամբ հայ ներկայացող, սակայն իրականում հայկականության հետ որևէ առնչություն չունեցող օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցելու դիմումների քանակը: