Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզում արդեն հավաքվել է մոտ 5000 տոննա անասնակեր

Հուլիսի առաջին օրերից Գեղարքունիքի մարզում մեկնարկել է անասնակերի բերքահավաքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, նախորդ տարվա համեմատ այս տարի անասնապահական տնտեսությունները բավարար չափով անասնակեր կուտակելու հնարավորություն կունենան, քանի որ խիտ բուսածածկույթ է ձեւավորվել ցանովի ու բնական խոտհարքերում, ինչպես նաեւ արոտավայրերում։

Գործի են դրվել բոլոր տեխնիկական, ինչպես նաեւ ավանդական միջոցները։ «Հուլիսի 12-ի դրությամբ արդեն մարզում կուտակվել է մոտ 5 հազար տոննա անասնակեր։ միջին բերքատվությունը կազմում է 2-3 տոննա՝ 1 հեկտարից։ Առանձին տեղերում 1 հեկտարից հավաքվում է մինչեւ 5-6 տոննա բերք։ Եղած տեխնիկական միջոցները միանգամայն բավարար են բերքահավաքը ամբողջովին ու ժամանակին կամզակերպելու համար։ Առայժմ բերքահավաքն ընթանում է ցածրադիր գոտիներում։

Միակ խնդիրը դիզվառելիքի գինն է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 220 դրամով՝ հասնելով 670 դրամի՝ մեկ լիտրի դիմաց, ինչն իր հերթին բերում է անասնակերի ինքնարժեքի բարձրացման, որն էլ իր հերթին ազդելու է գյուղմթերքների գների վրա։ Բայց, անկախ դրանից, տնտեսությունները կձգտեն անասնակերը հավաքել ամբողջությամբ։ Անասնայկերի բերքահավաքը կընթանա նաեւ օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս