Բաժիններ՝

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանը կհյուրընկալի 500 օտարերկրյա պատվիրակների

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն 64 երկրի աշակերտական թիմեր. յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային կմասնակցեն 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ:

Օլիմպիադան, որն առաջին անգամ է հյուրընկալվում Հայաստանում, կանցկացվի հուլիսի 10-18-ը Երևանում: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասաց՝ միջազգային նման միջոցառումների անցկացում դառնում է ՀՀ կառավարության քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը: «Սեպտեմբերին Հայաստանում անցկացվելու է STARMUS գիտության և արվեստի փառատոնը, մայիսին Երևանում անցկացվեց Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, հաջորդ տարի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու ծրագրեր ունենք: Կարևորում ենք նաև Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի անցկացումը»,-շեշտեց փոխնախարարը:

Նա վստահ է՝ Հայաստանում կրթության զարգացումը չի կարող տեղի ունենալ առանձին. անհրաժեշտ է ինտեգրել կրթական համակարգն ու կրթական գործընթացները միջազգային հարթակներում՝ զարգացման հեռանկարներ բացելու համար:

Անդրեասյանը կարևորում է այն փաստը, որ օլիմպիադաների անցկացման տրամաբանության մեջ ընդգծվում է բնագիտական ուղղությունը, որովհետև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ոլորտների զարգացումը կրթության բնագավառի առաջնահերթություններից է: «Հույս ունեմ, որ Կենսաբանության օլիմպիադայի անցկացումը կարող է խրախուսել սովորողներին մեծացնել հետաքրքրությունն այդ գիտակարգի նկատմամբ»,-նշեց նախարարի տեղակալը:

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ նմանատիպ օլիմպիադան մեկանգամյա միջոցառում չէ, այն ունի մուլտիպլիկատիվ ազդեցություն թե՛ տնտեսության, թե՛ կրթության և գիտության վրա: «Օլիմպիադայի ընթացքում Հայաստան են ժամանելու մի քանի տասնյակ երկրներից 500-ից ավելի մասնակիցներ, իսկ այն հսկայական ենթակառուցվածքները, որոնք գնվել են ԵՊՀ-ի միջոցով, հետագայում տրամադրվելու են դպրոցներին, քոլեջներին, ինչը մեծ օգուտ կբերի կրթական համակարգին»,-շեշտեց ռեկտորը:

Օլիմպիադայի կազմակերպման նպատակով Հայաստանում ձևավորվել է Կենսաբանության միջազգային օլիմպիադայի հայաստանյան ներկայացուցչության կազմկոմիտե, որը ղեկավարում է Գայանե Ղուկասյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանն օլիմպիադային մասնակցում է 2009 թվականից: 2018 թվականին Թեհրանում կայացած օլիմպիադայի ընթացքում Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի կողմից որոշում է կայացվել, որի համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 10-18-ը Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան կհյուրընկալի Հայաստանի Հանրապետությունը:

«Օլիմպիադան կանցկացվի երկու փուլով՝ տեսական և գործնական. գործնական փուլը տեղի կունենա հուլիսի 12-ին: Դա փորձարարական փուլն է և անցկացվելու է կենսաքիմիա, բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա, կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա և կենսաինֆորմատիկան ուղղություններով: Տեսական փուլը կանցկացվի հուլիսի 14-ին։ Յուրաքանչյուր մասնակցի տրվելու է 7 ժամ` առանց համացանցի հասանելիության: Քննություններն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում»,-տեղեկացրեց Ղուկասյանը:

Նա հայտնեց, որ մինչև հուլիսի 18-ը մասնակիցները, ժյուրիի անդամները կծանոթանան Հայաստանին, կմասնակցեն տարբեր մշակութային միջոցառումների, որոնք ուսուցողական բնույթ կկրեն: Նրանք կայցելեն Մատենադարան, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան և ժամանցի վայրեր:

Օլիմպիադայի Հայաստանի մասնակիցների խումբը ձևավորվել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով. երեք մասնակից` «Հերացի» ավագ դպրոցից, մեկը՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցից:

Հայաստան ժամանած միջազգային ժյուրիի անդամներն աշխատելու են գաղտնիության պայմաններում: Նրանց աշխատանքը կազմակերպվելու է «OlyExams» ծրագրի միջոցով, որը նախատեսված է գիտական օլիմպիադաների քննական ընթացքն ապահովելու համար։ Ժյուրիի կազմում ընդգրկված են անդամ երկրների ավելի քան 240 ներկայացուցիչներ:

Փակման արարողությունը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 17-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. հանդիսավոր միջոցառման ընթացքում կհայտարարվեն հաղթողների անունները, նրանց կհանձնվեն մեդալներ։

Կենսաբանության միջազգային օլիմպիադան (International Biology Olympiad) միություն է, որը դպրոցականների համար կազմակերպում է «Կենսաբանություն» առարկայի ամենահեղինակավոր համաշխարհային մրցույթը` Կենսաբանության միջազգային օլիմպիադան (ԿՄՕ): Օլիմպիադան իրականացվում է դեռևս 1990 թվականից և ներկայում ունի 78 անդամ պետություն:

2008 թվականին Հայաստանը Կենսաբանության միջազգային օլիմպիադային մասնակցել է որպես դիտորդ երկիր, իսկ 2009 թվականին դարձել լիիրավ անդամ:

2009 թվականից ի վեր ԿՄՕ-ին Հայաստանից մասնակցել է 35 աշակերտ:

ԿՄՕ 2022-ի կարևոր բաղադրիչներից մեկը կենսաինֆորմատիկան է: Այն միջմասնագիտական դաշտ է, որը մշակում է կենսաբանական տվյալների ընկալման մեթոդներ և ծրագրային գործիքներ։ Ընդհանուր առմամբ` կենսաինֆորմատիկան կենսաբանական գիտության մեջ ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումն է: Կենսաինֆորմատիկան կարևոր է ժամանակակից կենսաբանության և բժշկության մեջ տվյալների կառավարման համար:

Օլիմպիադայի կազմակերպման համար ՀՀ կառավարության կողմից ապահովվել է պետական ֆինանսավորում. աշխատանքները կազմակերպում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Միջոցառման համակարգումն իրականացնում են Երևանի պետական համալսարանը և Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի կազմկոմիտեն:

Օլիմպիադայի տեխնոլոգիական գործընկերը «Team Telecom Armenia» ընկերությունն է, որը մրցույթի սահուն ընթացքն ապահովելու համար տրամադրել է անհրաժեշտ տեխնիկական ու թվային բոլոր լուծումները։ Օլիմպիադայի տեղեկատվական աջակիցը «Արմենպրես» լրատվական գործակալությունն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս