Կառավարության նվերը Երևան համայնքին՝ ընտրություններից առաջ
Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Հայաստանի Կառավարությունը, որն այդ ընտրություններին ունի իր սեփական թեկնածուն (առայժմ Տիգրան Ավինյանն է, չի բացառվում, որ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ առաջադրի այլ թեկնածու), Երևանի քաղաքապետարանին անհատույց սեփականության իրավունքով ոչ միայն հողատարածքներ է նվիրել, այլ նաև դրանց վրա առկա շինությունները։
Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով կհանձնվեն Երևան համայնքին, և փաստորեն քաղաքապետը՝ ավագանու համաձայնությամբ, դրանք տնօրինելու լիազորություն կունենա։
Երևանի քաղաքապետը կարող է որոշել, ավագանին էլ՝ հաստատել, թե այս կամ այն շինությունն ո՞ւմ պետք է նվիրել, կամ ի՞նչ գնով վարձով տալ, և այլն։
Նշենք, որ խոսքը վերաբերում է ոչ միայն 8.131801 հեկտար հողատարածքին, այլ նաև դրա մեջ մտնող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների։