«Բիթքոինի գինը կնվազի մինչև 3,400 ներկայիս 20,000-ի փոխարեն» Նարեկ Զաքարյան
Տնտեսագետ Նարեկ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բիթքոինի գինը կնվազի մինչև $3,400 ներկայիս $20,000 – փոխարեն և չի հասնի 2021 թվականի ամենաբարձր կետին ($70,000) առնվազն առաջիկա 18 տարիներին (ամենայն հավանակնությամբ այլևս երբեք չի հասնի)։
Երբ որևէ ֆինանսական ակտիվ գործում է օրենքի կարգավորումներից դուրս, ապա այնտեղ ստեղծվում են շատ մեծ «բուրգեր», որոնք էլ հետագայում «պայթեցնում են» այդ ակտիվին։
Վերջին շաբաթների ընթացքում անընդհատ լսում ենք, թե ինչպես են այս կամ այն կրիպտո վարկատուները սառեցնում գումարներ հանելու հնարավորությունը։ Իրականում նրանք չունեն այնքան գումար որքան ներդրվել է իրենց մոտ և շատ շուտով կսնանկանան իրենց հետ տանելով կրիպտոարժույթների շուկան։ Միևնույն ժամանակ շատ ու շատ ֆոնդեր միլիարդավոր դոլարների հասնող վարկեր են վերցրել ու ներդրել դրանք կրիպտոարժույթների շուկայում, շուտով այդ ֆոնդերն էլ կսնանկանան ստիպված լինելով վաճառելու իրենց կրիպտո ակտիվները։
Հայտնի հոգեբանական խնդիր կա ներդրողների շրջանում, կոչվում է FOMO (fear of missing out) – երբ ներդրողները առանց վերլուծելու, ուղղակի ներդրում են կատարում, որպեսզի բաց չթողնեն աճի հնարավորությունը։ Առաջիկա ամիսների այս խնդիրը կվերափոխվի FOHO – ի (fear of holding on), քանի որ երկարաժամկետ կորուստները կստիպեն ներդրողներին դուրս գալու և այլևս երբեք ոլորտ չվերադառնալու։
Այս ամենի արդյունքում կունենանք պատմության հերթական «փուչիկի» պայթյունը, որը ոչնչով չի կարող տարբերվել նախորդներից։
ԱՄՆ շուկաների պատմությունը ցույց է տալիս, որ «փուչիկների պայթյունը» տվյալ ակտիվը գինը իջենում է նախորդ անկման նվազագույն կետից ($4,000) 15% ներքև։ Տեխնոլոգիական ոլորտում ձևավորված 1998-2000 թվականների փուչիկը հանգեցրեց անկման (2000-2002), որն էլ վերականգնվեց միայն 2018 թվականին։