«Բերձորն ու Աղավնոն առայժմ չի հանձնվի Ադրբեջանին, բայց Թուրքիան խնդիր է դրել, որ Բերձորում հայեր չապրեն»․ Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանն ուղևորվել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղ և ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել այնտեղ տիրող իրավիճակը։
«Այսօր 2022 թվականի հուլիսի 1-ն է։ Մենք գիտեինք, ես ևս այդ մասին բազմիցս բարձրաձայնել եմ, որ Ադրբեջանը նախնական պայմանավորվածություն է ունեցել, պահանջ է դրել, որ անպայման պետք է այս օրերին իրեն հանձնվի Լաչինի գործող միջանցքը․․․
Ըստ որոշակի ներքին տեղեկությունների՝ 2022 թվականի հուլիսի 1-ին՝ այսօր, այս ճանապարհը՝ Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը, պետք է հանձնվեին Ադրբեջանին։ Պատահական չէին նաև վերջին օրերին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունները, որ Բերձորը հանձնում են, և այլն․․․»,- ասաց Հոխիկյանը։
Նա նաև անդրադարձավ հունիսի 29-ին Բաքվում կայացած այն կարևոր հանդիպում-քննարկմանը, որին, ըստ շրջանառվող տեղեկությունների, մասնակցել են Իլհամ Ալիևը, Ադրբեջանի Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարները, Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձինք։
Հոխիկյանի խոսքով՝ այդ հանդիպում-քննարկման թիվ մեկ խնդիրը եղել է Լաչինի միջանցքի հարցը․
«Ադրեջանցիները Թուրքիայի հետ պնդում էին, որ պետք է նոր ճանապարհի աշխատանքն ավարտեն, հանձնեն մեզ, որից անմիջապես հետո իրենք պետք է տիրանան Բերձոր քաղաքին կամ հուլիսի 1-ին դրոշը դնեն Բերձոր քաղաքում՝ մեզ հնարավորություն տալով երթևեկել Լաչինի միջանցքով, մինչև նոր ճանապարհը պատրաստ կլինի․․․
Հունիսի 29-ի հանդիպումից ես վերջապես տեղեկություն ստացա և ուզում եմ ձեզ հետ կիսվել այդ տեղեկատվությամբ։ Տեղի է ունեցել բավական լարված հանդիպում, որի ժամանակ թուրքական կողմը՝ ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան, հստակ և չոր պահանջներ է դրել, այսինքն՝ այս հարցում Թուրքիան է եղել թիվ մեկ պահանջատերը, որ պետք է օրերի ընթացքում Բերձորը հանձնվի։
Ասեմ արդյունքների մասին։ Բերձոր քաղաքն առայժմ չի հանձվի Ադրբեջանին, Աղավնո գյուղն առայժմ չի հանձնվի Ադրբեջանին, սակայն թուրքական կողմը բավական ագրեսիվ կեցվածք է դրսևորել, որ պետք է Բերձորում հայեր չապրեն, խնդիր է դրվել, որ թեպետ Բերձորն առայժմ չի հանձնվելու Ադրբեջանին, բայց այնտեղ հայեր չպետք է ապրեն․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում