«Մեկ անձ բերման է ենթարկվել, նյութեր են նախապատրաստվում»․ ոստիկանությունը՝ զոհված զինծառայողների հարազատների և 2 քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի մասին
Այսօր Գլխավոր դատախազության շենքի մոտ միջադեպ է գրանցվել 44-օրյա պատերզմում զոհված զինծառայողների ծնողների և 2 քաղաքացու միջև։
Ըստ ծնողների՝ այդ տղամարդիկ հատուկ էին եկել այդտեղ, որպեսզի սադրեին և բախում հրահրեին, և նրանցից մեկը Ռոման Բաղդասարյանն է՝ Նիկոլ Փաշինյանի մոլի աջակիցը։
Տղամարդկանցից մեկը հասցրեց փախուստի դիմել, իսկ մյուս տղամարդու և զոհվածների հարազատների միջև բախում սկսվեց, որին միջամտեցին ոստիկանության աշխատակիցները։ Ոստիկաններին հաջողվեց այդ տղամարդուն հեռացնել տարածքից։
Ծնոնղները դեպքի վայրում ոստիկաններին հարցրեցին, թե ո՞ւր տարան Ռոման Բաղդասարյանին, ի պատասխան՝ ոստիկանության գնդապետն ասաց՝ Ոստիկանության կենտրոնի բաժին։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից 168.am-ին փոխանցեցին․
«Մեկ անձ Գլխավոր դատախազության հարակից տարածքից բերման է ենթարկվել Կենտրոնական բաժին, այս պահին նյութեր են նախապատրաստվում»։
Հարցին՝ բերման ենթարկված անձը Ռոման Բաղդասարյա՞նն է, ոստիկանությունից պատասխանեցին, որ անձի անունը չեն նշում։