Հանրային ռադիոն և հեռուստատեսությունը նախկինի պես պարտավոր են լուսաբանել ընդդիմության քարոզարշավը
Հունիսի 21-ին «Հրապարակ» թերթը գրել էր, որ իշխանությունները ծավալուն փոփոխություններ են նախատեսում Ընտրական օրենսգրքում:
«Առաջարկվող փոփոխություններից մեկով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որոշել են «Հայլուրի Հայաստանով» ուղղորդել ընտրողին։ Եթե գործող օրենսդրության պահանջն է, որ ԱԺ-ի և 70 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն և հեռուստատեսությունը «պարտավոր են» հեռարձակել ընտրություններին մասնակցող կուսակցությունների (դաշինքների) նախընտրական ծրագրերի մասին հաղորդումներ կամ թողարկումներ՝ «ապահովելով անկողմնակալություն, հավասարակշռվածություն, գնահատականներից զերծ տեղեկատվություն և հավասար պայմաններ», ապա ՔՊ-ական նոր նախագծի հեղինակներն օրենսգրքից հանում են ընդդիմությանը լուսաբանելու պարտադիր պահանջը՝ թողնելով միայն «ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն և հանրային հեռուստատեսությունը ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերի մասին հաղորդումներ կամ թողարկումներ հրապարակելիս պարտավոր են ապահովել անկողմնակալություն, հավասարակշռվածություն, գնահատականներից զերծ տեղեկատվություն և հավասար պայմաններ»»։
168.am-ը Հեռուստատեսության և ռադիոյի Հանձնաժողովին (ՀՌՀ) հարցրեց՝ ի՞նչ դիրքորոշում ունի Հանձնաժողովը՝ կապված ենթադրյալ փոփոխությունների հետ: Առհասարակ ՀՌՀ-ն հնարավոր համարո՞ւմ է նման զարգացում, եթե հաշվի առնենք նաև միջազգային կազմակերպությունների՝ մեր գործընկերների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի դիրեկտիվները նշված թեմայի վերաբերյալ:
Հանձնաժողովից մեզ պատասխանել էին, որ Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունների վերաբերյալ ՀՌՀ կարծիքի համար նախագիծ մուտք է եղել 2021թ. մարտ ամսին, որտեղ Օրենսգրքի Հոդված 20-ի 4-րդ կետը, որը կարգավորում է «Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով», շարադրված է հետևյալ կերպ՝
«Ազգային ժողովի և 70 ․000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն և հանրային հեռուստատեսությունը պարտավոր են հեռարձակել ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերի մասին հաղորդումներ կամ թողարկումներ՝ ապահովելով անկողմնակալություն, հավասարակշռվածություն, գնահատականներից զերծ տեղեկատվություն և հավասար պայմաններ»:
Խորհրդից նշել էին, որ մեր ձևակերպմամբ որևէ փոփոխության կամ փոփոխության նախագծի մասին ՀՌՀ-ն տեղեկություն չունի:
Արձանագրենք՝ այս պահի դրությամբ «Ընտրական օրենսգրքի» հոդված 20-ի 4-րդ կետը փոփոխությունների նախագծում որևէ փոփոխության չի ենթարկվել:
Հանձնաժողովը ենթադրյալ փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու մեր հարցին չէր պատասխանել, հավանաբար որովհետև հարցն այս պահին իրենց օրակարգում չէ: