68 միլիոն դոլար ԱՄՆ-ից ՀՀ-ին՝ ժողովրդավարությունը խթանելու համար. Ընտրական գործընթացը պետք է տեղի ունենա նույնականացման քարտով
Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց, որ այս համաձայնագիրը բազմիցս շրջանառվել է շահագրգիռ մարմինների միջև, և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ այս պահին ունեն համաձայնեցված տեքստ․
«Հնգամյա դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանի ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացին։ ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը կազմում է 120.000.000 ԱՄՆ դոլար, որը կհատկացվի մասնաբաժիններով։
ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել իր ընդհանուր ներդրումը ըստ նպատակների հետևյալ կերպ։ Շուրջ 68.8 միլիոն ԱՄՆ դոլար՝ ժողովրդավարության խթանման համար, շուրջ 51.4 միլիոն ԱՄՆ դոլար՝ տնտեսական անվտանգության բարելավման համար։
Համաձայնագրում սահմանված են նշված 2 նպատակների ներքո իրականացվելիք գործողությունները և համապատասխան ցուցանիշները։
Ժողովրդավարության խթանման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցություն կտրամադրի Հայաստանի կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության, պետական կառավարման համակարգի և պետական ինքնակառավարման բարեփոխումների համար։ Փաստաթղթով սահմանված գործողությունները միտված են լինելու մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքական հաշվետվողականության ինստիտուտների հզորացմանը, ընտրական և քաղաքական գործընթացներում բարեվարքության պահպանմանը, երկրի արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ քովիդին և այլ վարակիչ հիվանդություններին արձագանքելու կարողությունների ամրապնդմանը։
Տնտեսական անվտանգության բարելավման նպատակով՝ ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի պետական հատվածին՝ ստեղծելու արդյունավետ և գործող համակարգեր և գործընթացներ, կաջակցի ներառական տնտեսական ռազմավարությունների իրականացմանը, կօժանդակի արդյունավետ ներդրումների համար կապիտալ միջոցների բացահայտմանը։
Ի լրումն փոքր և միջին ձեռնարկություններին իր կողմից ցուցաբերվող օգնության, ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի նաև ավելի մեծ ներդրումներին, որոնք նպաստում են մեծ թվով ֆորմալ աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական աճին»։
Իր հերթին Նիկոլ Փաշինյանն ընդգծելով այս համաձայնագրի կարևորությունը, շեշտեց, որ ժողովրդավարության զարգացումն իր մեջ ներառում է ընտրական իրավունքի և ընտրական համակարգի բարելավումը։
«Ես ուզում եմ մի օրակարգի վրա մեր ուշադրությունը հրավիրել, անկախ նրանից, թե ինչքանով է ուղիղ առնչվում այս համաձայնագրի հետ։ Մենք թվային բարեփոխումների մի շատ կարևոր փուլում ենք և քաղաքական առումով պետք է խնդիր դնենք, այսինքն՝ չմոռանանք խնդրի մասին, որ մենք ունենք։ Դա հետևյալն է, որ ընտրական գործընթացը պետք է տեղի ունենա մեկ միասնական փաստաթղթով՝ անձը հաստատող, և դա պետք է լինի նույնականացման քարտը։ Սա շատ կարևոր է, շատ կարևոր է, և ես ուզում եմ, որ մենք կենտրոնանանք այս խնդրի վրա։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք հիմա մի քանի փաստաթուղթ ունենք ընտրական՝ նույնականացման քարտ, անձնագիր, կենսաչափական անձնագիր, և մեզ անհրաժեշտ է ունենալ հենց հատկապես նույնականացման քարտ, որ պետք է ընտրական տեղամասում քարտը կարդացող սարքեր էլ ունենանք, որ ընդհանրապես բոլոր թեմաները ընտրական որևէ մանիպուլյացիայի հետ ինստիտուցիոնալ առումով կլուծի։ Փառք Աստծո, վերջին 2 ընտրություններում մենք որևէ նման խնդիր չենք ունեցել, բայց ամեն դեպքում այս հարցում որևէ լարվածություն բացառելու թեկուզ տեսական միջոցը հենց սա է, որ մենք նույնականացման քարտով անցկացնենք ընտրությունները՝ մաքսիմալ էլեկտրոնային ձևով։ Այսինքն՝ մարդը գալիս է, նույնականանում է, և արդեն էլեկտրոնային համակարգը հաշվառում է իր քվեարկած լինելը, որը և տեսական, և գործնականում բացառում է այլ տեղամասում այդ մարդու քվեարկած լինելը։ Ընդ որում, սա կլուծի նաև ընտրացուցակների խնդիրը, որովհետև ID քարտ կունենան միայն այն մարդիկ, ովքեր ներկայացել և ստացել են, կամ մենք գիտենք, ինչ-որ ձևով իրենց առաքել ենք, և դրանով բոլոր հարցերը կփակվեն»։