«Լևոն Տեր-Պետրոսյանն առաջին կուռքն էր և մեծագույն վնասը»
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլի իր պահանջը համարում է դեռևս չկատարված: Նա շարունակելու է հացադուլ անել այնքան ժամանակ, մինչև իշխող կուսակցության թեկնածուին արգելեն մասնակցել ընտրություններին: Թեկնածուի խոսքով` իշխող կուսացկությունը տնօրինում է պետության ամբողջ մենաշնորհը, նշանակում է դատավորներ, դատախազներ, ոստիկանության պետ և այլն, և արդարադատությունը պետք է լինի ոչ թե ֆորմալ, այլ` իրական գործողություն:
Իսկ հարցին` ինչո՞վ է պայմանավորված հացադուլը նախագահական նստավայրի մոտ` ԳԱԱ շենքի դիմաց կազմակեևրպելը, Ա. Ղուկասյանը պատասխանեց. «Հատուկ չեմ ընտրել: Այստեղ հարմար տեղ է, և դրա մասին արդեն ասել եմ, հանրությանը չի խանգարում, միաժամանակ բաց տեղ է»: Արդյոք այս օրերին գործող նախագահը եկե՞լ է իրեն տեսնելու` հաշվի առնելով նրա մոտ գտնվելը նախագահական նստավայրին, թեկնածուն նշեց, որ չի եկել, և դրա կարիքն էլ չկա: «Իսկ ի՞նչ պետք է քննարկեմ նրա հետ` ընտրակաշառք բաժանելու պրոբլե՞մը, թե՞ Հանրապետական կուսակցության լուծարումը»,- նշեց Ա. Ղուկասյանը:
Իսկ մեր այն հարցին, թե նախագահ ընտրվելու դեպքում ի՞նչ պաշտոն կառաջարկի Սերժ Սարգսյանին, վերջինս պատասխանեց. «Սերժ Սարգսյանին չեմ պատկերացնում պետական պաշտոններում, բայց գտնում եմ, որ Սարգսյանը կարող է աջակցել պետությանն այն հարցով, որը վերաբերում է անհիմն հարստության` հետ վերադարձնելու գործընթացին: Դա միջազգայնորեն ճանաչված նորմ է, որ պետական պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները, եթե չեն կարող ողջամիտ բացատրել, թե որտեղի՞ց է առաջացել իրենց սեփականությունը, այդ դեպքում նման սեփականությունը համարվում է անօրինական և պետք է վերադարձվի պետությանը: Գտնում եմ, որ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը մեր երկրում անօրինական ճանապարհով կուտակված հարստությունները բացահայտելու հարցում կարող են մեծ օգնություն ցուցաբերել մեր պետությանը, մեր հանրությանը»:
Ա. Ղուկասյանի խոսքով` թեև հացադուլը լուրջ քաղաքական պայքարի միջոց է, սակայն ինքը չի կարող գնահատել, թե այդ միջոցը որքանո՞վ է ազդում իշխանությունների վրա: Նրա ասելով` եթե երկրում կա իրադրություն, որին սկզբունքորեն համաձայն չես, հացադուլը միակ միջոցն է անհամաձայնությունը ցույց տալու համար: Թեկնածուն նաև անդրադարձավ իր քայլի մասին հնչող քննադատություններին:
«Իսկ ո՞ւմ եմ վնաս տալիս: Որևէ մեկի հացը պակասե՞լ է իր սեղանից, որևէ մեկի ջո՞ւրն է պակասել: Եթե քննադատում են, ապա մտահոգված են, որ քրեաօլիգարխիկ համակարգը կարող է ուղղվի, քննադատողներն էլ, ըստ էության, այն մարդիկ են, ովքեր կողմնակից են քրեաօլիգարխիկ համակարգին»,- նշեց նախագահի թեկնածուն, ում խոսքով` ինքը շարունակելու է հացադուլը` մինչև ընտրությունների ավարտը և դրանց արդյունքների ամփոփումը: Իսկ եթե մինչ այդ պահը չկատարեն իր պահանջը, ապա կհամարի, որ ընտրությունները շինծու են: Այդ դեպքում, ըստ Ա. Ղուկասյանի, ինքը կպայքարի ոչ լեգիտիմ ձևավորված մարմնի դեմ: Հացադուլի 8 օրերին նրան այցելության են եկել նախագահի գրեթե բոլոր թեկնածուները` բացի Սերժ Սարգսյանից և Հրանտ Բագրատյանից: Իսկ հարցին, թե այսօր հասարակությունն առաջնորդի խնդիր ունի՞, թեկնածուն պատասխանեց. «Գտնում եմ, որ այսօր հանրությունն ունի խնդիր, որ յուրաքանչյուրն ինքը պետք է դառնա իրավատեր իր իրավունքների: Մենք տեսել ենք, թե ինչպես առաջնորդները շատ արագ դառնում են կուռք, սկսում են վտանգ ներկայացնել հանրությանը»:
Մեր հարցին, թե այդ առաջնորդների մեջ ներառո՞ւմ է նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, նա պատասխանեց. «Այո՛ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջին կուռքն էր և մեծագույն վնասը, որը հանրությունը ստացավ քաղաքական մտածելակերպի մեջ, իր ազատության մեջ: Դա էր, որ մարդիկ դարձան այդ կուռքի ծառաները, ինչը նաև հակասում է քրիստոնեական դրույթին` մի ստեղծիր քո համար կուռք»:
«168 ԺԱՄ»