Եկամտի թռիչքաձև աճ, 4 բնակարան. ի՞նչ են հայտարարագրել Աննա Վարդապետյանն ու նրա ամուսինը

Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ համագործակցելու արդյունքում իր ֆինանսական վիճակը բարելաված Հայաստանի ապագա Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2021 թվականի իր հայտարարագրում հայտարարագրել է վարչապետի աշխատակազմից ստացած 10.5 միլիոն դրամ աշխատավարձ, ԵՊՀ-ից ստացած 624 հազար դրամ և փոխառություն՝ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում՝ 3 միլիոն դրամի չափով։

Մեկ տարվա կտրվածքով Աննա Վարդապետյանի եկամուտը կազմել է 14 միլիոն դրամ։

Համեմատության համար նշենք, որ Փաշինյանի օրոք Արդարադատության նախարարի տեղակալ նշանակված Վարդապետյանը մինչ այդ պաշտոնի ստանձնումը հայտարարագրել էր ընդամենը 3 միլիոն 800 հազար դրամ աշխատավարձ։

Այդ 3 միլիոն 800 հազար դրամ աշխատավարձը մեկ տարի անց՝ 2019 թվականի հայտարարագրում, թռիչքաձև աճ է արձանագրել՝ դառնալով 9 միլիոն 700 հազար դրամ:

Վարդապետյանը, ինչպես 2019 թվականին, այնպես էլ՝ 2021 թվականին հայտարարագրել է մեկ անշարժ գույք՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որն ըստ հայտարարագրում կատարված նշումի՝ որպես նվիրատվություն է ստացել։

Ի տարբերություն Աննա Վարդապետյանի՝ 3 բնակարան է հայտարարագրել նրա ամուսինը՝ Գևորգյան Մամիկոնը. Հայտարարագրած 3 բնակարանը Արաբկիր վարչական շրջանում է՝ մեկը ձևակերպված է որպես գնում, մյուսը՝ նվիրատվություն, 3-րդը՝ ժառանգություն։

Նշենք, որ Աննա Վարդապետյանի ամուսինը հայտարարագրել է մի քանի անգամ ավելի քիչ գումար, քան Վարդապետյանը:

Վարդապետյանի ամուսինը հայտարարագրել է «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ից ստացած 3 միլիոն 553 հազար դրամ եկամուտ և 51,378.00 դրամ՝ փոխառություն՝ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանից։

Աննա Վարդապետյանը հայտարարագրել է նաև կանխիկ գումար՝ 4.5 միլիոն դրամ չափով, և վարկ՝ 1,216,667.00 դրամի։

Տեսանյութեր

Լրահոս