Իսկ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հետամո՞ւտ կլինի պարզել՝ ինչ է տեղի ունեցել հունիսի 3-ի գիշերը Պռոշյան-Դեմիրճյան հատվածում, բախումներից հետո

Հունիսի 3-ին ընդդիմության խաղաղ անհնազանդության երթի ժամանակ ոստիկանության կողմից հրահրված բախման ու դրա արդյունքում կիրառված անհամաչափ ուժի առնչությամբ Ազգային ժողովի (ԱԺ) Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դիմել էր ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:

«ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ա․ Վիկտորինի և ԵՄ անդամ պետությունների դեսպանների անունից (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Հունաստան, Շվեդիա, Հոլանդիա, Չեխիա, Լիտվա, Իտալիա, Սլովակիա, Ռումինիա, Բուլղարիա) ստացել եմ պատասխան, համաձայն որի կարևոր է, որ մարդիկ ազատորեն արտահայտեն իրենց կարծիքը կամ անհամաձայնությունը, և իրավապահ մարմիններն ու ոստիկանությունը պետք է զերծ մնան ծայրահեղ ուժի գործադրումից։ Անընդունելի է ինչպես ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրումը, այնպես էլ ոստիկանության ծառայողների նկատմամբ ցուցարարների կողմից ուժի գործադրումը։ Բռնի միջադեպերը, ներառյալ հատուկ միջոցների կիրառումը հունիսի 3-ին հետաքննության կարիք ունեն։ Որոշ դեպքերում դա արդեն արվում է»,- ԵՄ դեսպանի պատասխանն է մեջբերել Թագուհի Թովմասյանը:

Լավ է, որ ԵՄ դեսպանը համարում է՝ բռնի միջադեպերը, ներառյալ՝ հատուկ միջոցների կիրառումը հունիսի 3-ին հետաքննության կարիք ունեն, բայց դրա համար տիկին դեսպանը պետք է հետևողական լինի ու հետաքրքրվի՝ ինչպես և ինչու հունիսի 3-ի գիշերը վերացվեցին իրեղեն ապացույցները:

168.am-ը դեռևս այդ օրը՝ ուշ գիշերին, տեղեկացրել էր, որ հենց այդ օրը՝ կեսգիշերն անց՝ ժամը 12:00-1:00 սահմաններում, փակ էին դեպի Դեմիրճյան և Պռոշյան փողոցներ տանող ճանապարհները թե Բաղրամյան պողոտայի կողմից, և թե կառավարական առանձնատներին հարող հատվածից։ Մեզ ասել էին՝ ըստ ամենայնի վերացնում են իրեղեն ապացույցները, որ հետո զանգվածային անկարգություններին մասնակցության հանցակազմով հարուցված քրեական գործերի նախաքննությունները տանեն իրենց անհրաժեշտ ու հարմար ուղղությամբ:

Նույն օրը՝ մեր հրապարակումից շուրջ 40 րոպե անց, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր տելեգրամյան ալիքում լուսանկար հրապարակեց, որը վերնագրել էր այսպես՝ «Ոստիկանության զորքերի ծառայողը հավաքում է կրակված արկի պարկուճը, որպեսզի հնարավոր չլինի հետագայում պարզել դրա պիտանելիության ժամկետը»:

Տեսանյութեր

Լրահոս