«Արգիշտի Քյարամյա՛ն, գնա՛ հետաքրքրվի զոհված հերոս տղաների կատարած հերոսությունների մասին, հետո նոր նրանց ծնողներին պատմի քո հերոսությունների մասին»․ զոհված սպայի հայր
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել՝ բարձրաձայնելու առ այսօր իրենց հուզող խնդիրները։ 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Ռուբեն Պրազյանի հայրը՝ Աշոտ Պրազյանը, որը ևս մասնակցել է 44-օրյա պատերազմին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով շաբաթներ առաջ Արգիշտի Քյարամյանի հետ տեղի ունեցած իրենց հանդիպմանը, ասաց, որ գնացել էին իրենց անհանգստացնող որոշ հարցերի շուրջ պարզաբանում ստանալու, փոխարենը՝ Քյարամյանը սկսել է իրեն գովաբանել․
«Քննչական կոմիտեի նախագահը սկսեց հաշվետվություն ներկայացնել Քննչական կոմիտեի կատարած, բայց իրականում ոչ մի բան չարած աշխատանքների վերաբերյալ։ Հետո սկսեց պատմել 44-օրյա պատերազմում իր կատարած հերոսությունների և սխրագործությունների մասին։ Պարո՛ն Արգիշտի Քյարամյան, գնա՛ մի հատ հետաքրքրվի բոլոր զոհված հերոս տղաների կատարած հերոսությունների և սխրագործությունների մասին, հետո նոր արի նրանց ծնողներին պատմի քո հերոսությունների մասին, որը մեզ բացարձակ չի հետաքրքրում։
Մենք՝ հերոսների ծնողներս, չէինք պատկերացնում՝ մեր երեխու տարիքի մեկը կարող է իրոնիայով, քմծիծաղով, մուննաթով ու արհամարհանքով խոսի մեզ հետ»։,- ասաց զոհված սպայի հայրը, ապա հավելեց, որ այդ միջադեպից հետո Քյարամյանի հետ բոլոր շփումներն անիմաստ և աննպատակահարմար է համարում։
«Եթե մեղավորները պատասխանատվություն չկրեն, ինձ թվում է՝ պետության մեջ նոր Սողոմոն Թեհլերյաններ կլինեն․․․»,- եզրափակեց զոհված կապիտանի հայրը։