Նախկինում, երբ ձեռնաշղթան սխալ էր կիրառվում, դեսպանատներից լալահառաչ տեքստեր էին գալիս. Ալեքսանդր Կոչուբաև

«Առհասարակ ոչ միայն հատուկ միջոցը, այլև ցանկացած ոստիկանական ներգործություն հավաքի նկատմամբ ենթադրում է դրան նախորդող, ընկալելի և լսելի պահանջի հնչեցում, դրա չկատարում, ժամանակի սպառում և միայն դրանից հետո այդ գործողության չկատարում»,- հավաքի նկատմամբ միջամտություն կատարելու՝ ոստիկանական թույլատրելիության պայմանների մասին հրավիրված ասուլիսում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, ով մինչ փաստաբան լինելը եղել է ոստիկան:

Ըստ նրա՝ երեկ ոստիկանները չեն պահպանել հատուկ միջոցներ կիրառելու օրենսդրական պահանջները:

«2018թ. լուսաձայնային նռնակը 100մ վերև կիրառելու համար այսօր քննվող քրեական գործ կա, որ առանց համապատասխան իրավական հիմքի, սխալ հաշվարկելով ստեղծված իրադրությունը՝ ոչ համաչափ միջամտություն էր տեղի ունեցել: Ես գրեթե վստահ եմ, որ երեկ այդ միջոցը սխալ կիրառած ոստիկանի նկատմամբ անգամ ծառայողական քննություն չի իրականացվի, որովհետև այդտեղ էին նրանց ղեկավարները, ում հրահանգով կիրառվել էր նռնակը»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ լուսաձայնային նռնակը կիրառվել է բացառապես քաղաքացիներին ահաբեկելու համար:

Նա նաև նշեց, որ հավաքի վայրից հավաքի մասնակիցներին բերետավորները պարզապես գողանում-տանում են:

Ալեքսանդր Կոչուբաևի խոսքով՝ տեսնելով, որ վարչական ձերբակալություններն ազդեցություն չեն գործում, իշխանություններն անցան քրեադատավարական միջոցներին:

«Ո՞ւր են եվրոպական կառույցները, որտե՞ղ է Իսակովի դեսպանատան խոսքը: Նախկինում եթե անգամ ձեռնաշղթան ոչ համաչափ կիրառվում էր, դեսպանատներից լալահառաչ տեքստեր էին գալիս ոստիկանություն, որ՝ էս ի՞նչ եք անում: Իսկ երեկ Սերգեյ Ասատուրովին, ում երեկ գանգուղեղային վնասվածքի խնդիրներով պետք է տեղափոխեին հիվանդանոց, ոստիկանությունը կրկին ձեռնաշղթայով տարավ: Եվ ո՞ւր է այդ միջազգային հանրություն կոչվածը»,- եզրափակեց Ալեքսանդր Կոչուբաևը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս