«Ճիշտ կլինի, որ Նիկոլ Փաշինյանը  կալանավորվի, որպեսզի գործին չխոչընդոտի․ պաշտոնին նստած՝ ազդելու է քննչական մարմնի վրա»․ զոհված զինծառայողների մայրեր

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերը կրկին հավաքվել էին Քննչական կոմիտեի շենքի դիմաց և պահանջում էին հանդիպում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։

«Բոլորիս էլ հայտնի է, որ բոլոր ատյանները ծառայում են օրվա իշխանություններին, ու զարմանալի չէ, որ տևական ժամանակ է՝ ծնողներին տանում են այս ատյանից այն ատյան։ Իրենց գործով զբաղվելու փոխարեն՝ փորփրում են ծնողների անցյալը, իրենց կեղտոտ լրատվականներով փորձում են մրոտել։ Ոչ մեկս վախենալու բան չունենք, թող իրենց կեղտերը տեսնեն։ Ինչից վախենում էինք, արդեն կորցրել ենք, այնպես որ, ոչ մի վախենալու բան չկա․․․ Մենք բացարկի միջնորդություն ենք հայտնել»,- լրագրողների հետ զրույցում ասացին զոհված զինծառայողների մայրերը։

Անդրադառնալով շուրջ 10 օր առաջ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը, որի ժամանակ միջադեպ էր գրանցվել, զոհված զինծառայողների ծնողներն ասացին․

«Մի քիչ լարվածություն եղավ։ Բնականաբար, ծնողն այն հոգեվիճակում է, որ նորմալ է, որ ինքը բորբոքվի, բայց նորմալ չի, երբ այդ կարգավիճակի պաշտոնյա մարդն իրեն դրսևորի ավելի վատ ձևով։ Մոտ 8-10 օր առաջ մենք այստեղ եղել ենք, իր հետ հանդիպել ենք, բայց ոչ մի նորություն, ոչ մի արձագանք չկա։ Այսօր մեր այստեղ հավաքվելու նպատակը հենց դա է։ Թող իջնի՝ մեր հարցերին, մեր միջնորդությանը պատասխանի: Հակառակ դեպքում մենք այս կառույցից հանելու ենք մեր դիմումը։

Ես զարմանում եմ, Քյարամյանի պես մարդուն ո՞նց կարելի է պաշտոն վստահել, երբ սեպտեմբերի 27-ին ԱԱԾ պետն ինքն էր, ո՞նց կարելի է։ Մեր պահանջն այն է, որ այսօրվա վարչապետին կանչեն հարցաքննության, բայց բոլոր կառույցներն այս կողմ, այն կողմ են տանում, ինչո՞ւ։ Մեր պագոնները չի ընկնում, իր պագոններն ընկնո՞ւմ է, բա ինքը ժողովրդավար էր։ Եթե ինքն արդար է, եթե ինքը վախենալու բան չունի, ինչո՞ւ է 7 սարի հետև ընկել, թող գա ասի՝ ծնողներ ջան, ես մեղավոր չեմ, այսինչ մարդն է մեղավոր»։

Հիշեցնենք՝ զոհված զինծառայողների հարազատները մայիսի 17-ին դատախազի հետ հանդիպման ժամանակ պահանջել էին, որ այս գործը քննի ԱԱԾ-ն։

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-ի ելույթը, երբ նա հայտարարել էր՝ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի.․․․», ապա շեշտեց, որ Փաշինյանը պետք է անհապաղ կալանավորվի․

«Ինքը պետք է հարցաքննվի, և ճիշտ կլինի, որ նա կալանավորվի, որպեսզի գործին չխոչընդոտի, որովհետև պաշտոնին նստած՝ ազդելու է  քննչական մարմնի վրա»։

Ավելի ուշ Քննչական կոմիտեի աշխատակիցը հանդիպեց զոհված զինծառայողների մայրերի հետ, տեղեկացրեց, որ Արգիշտի Քյարամյանը տեղում չէ, այլապես կընդուներ նրանց, և, որ կարող են որոշակի  օրվա համար պայմանավորվել։

Հիշեցնենք, որ շուրջ 1 տարի առաջ՝ 2021 թվականի հունիսին, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել` պահանջելով քրեական գործ հարուցել նրա կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստով` Հայաստանի Հանրապետության թշնամի պետության օգտին գործողություններ կատարելու առերևույթ հանգամանքներով։

Տեսանյութեր

Լրահոս