Հասկանում եմ, դուք խեղդվում եք ինքներդ ձեր նախանձից՝ մաքրվեք
Լուրը, որ Հայաստանը «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում ներկայացնելու է Գոռ Սուջյանը, համացանցում տարաբնույթ քննարկումների առիթ է դարձել: Ինչպես միշտ՝ ոմանք դժգոհ են Հանրային հեռուստաընկերության կայացրած որոշումից, ոմանք էլ՝ շնորհավորում ու հաջողություններ են մաղթում Գոռին: Քննարկումներն առավել թեժացան, երբ պարզվեց, որ «Դորիանս» խումբն այլևս չի աշխատում պրոդյուսեր Վահագն Գևորգյանի հետ: Անձամբ Գոռը որևէ կերպ չի մեկնաբանում այս փաստը, փոխարենը ֆեյսբուքյան իրենց պատերին մեկնաբանություններ են թողնում «Դորիանսի» երկրպագուներն ու մտերիմները:
Իր ֆեյսբուքյան էջում ծավալուն գրառում է թողել նաև «Դորիանս» խմբի այլևս նախկին պրոդյուսեր Վահագն Գևորգյանի կինը՝ հաղորդավարուհի Լուլուն:
«Ես լուռ հետևում էի իրադարձություններին ու չէի էլ պատրաստվում արձագանքել, բայց հաշվի առնելով անհամար շնորհավորական նամակներն ու իմ լռությունը չընկալելու գործոնը` որոշեցի հատ առ հատ բոլոր նամակներին պատասխանելու փոխարեն` գրել այստեղ և թեման փակել:
Շնորհակալ եմ բոլոր բարի խոսքերի համար: Այո՛ այսօր, տեսնելով համընդհանուր ուրախությունը, վայելում ենք մեր աշխատանքի արդյունքը: Երբ տարիներ առաջ ամուսինս բացահայտեց Գոռ Սուջյանին և ոգևորված եկավ ու հայտնեց, որ ամեն ինչ անելու է այդ տղային հայտնի դարձնելու համար , ու ես էլ պետք է օգնեմ իրեն այդ հարցում ինչով կարող եմ, մնաց հավատարիմ այդ խոստմանը ու ստեղծեց խումբ, որն այսօր ամենահայտնին ու ամենապահանջվածն է: Թեև մենք այսօր «Դորիանսի» կողքին չենք, բայց վայելում ենք մեր տքնաջան աշխատանքի արդյունքը… ես մաղթում եմ Գոռին հաջողություն, քանի որ ցանկանում եմ, որ ամուսնուս անխոնջ աշխատանքն ունենա իր արդյունքը… գոնե ես գիտեմ` դա ինչ է նրան արժեցել… նրա միակ նպատակը եղել է Գոռին տեսնել աշխարհի ամենամեծ բեմերում, և ես ուզում եմ, որ նրա նպատակն իրականանա` անկախ ամեն ինչից»:
Լուլուի այս գրառումը շատերի հետաքրքրությունն է շարժել: Եվ սա հարմար մեկնաբանություն էր համացանցում նմանատիպ այլ խոսակցություններ ծավալելու համար: Քննարկումները տարաբնույթ էին, որոնց ի պատասխան Գոռ Սուջյանի քույրը՝ Եվա Սուջյանն իր ֆեյսբուքյան պատին գրել էր. «Խոսքս վերաբերում է բոլոր նախանձ, չուզող մարդկանց: Եթե լավն ասելու ոչինչ չունեք, ուրեմն՝ լռեք: Կարողանալ լռել ոչ բոլորին է հասու:
Հասկանում եմ, դուք խեղդվում եք ինքներդ ձեր նախանձից՝ մաքրվեք: Փոխանակ քաջալերեք և ուրախ լինեք, որ այս հոգնած երկրում դեռ եղբորս նման տաղանդավոր մարդիկ մնացել են: Ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, քավ լիցի: Շատ կան տաղանդավոր մարդիկ, և բոլոր այդ տաղանդները ձեր չար խոսքերի պատճառով լքում են մեզ և ծաղկեցնում օտար երկրները: Ամոթ մեզ: Խնդրում եմ, եթե որևէ մեկը լավ գործ է արել, թող ուրախ լինի իր արած գործի պտուղներից, պետք չէ երեսով տալ:
Դա խոսում է մարդու խղճուկ կերպարի մասին: Իմ եղբայրն իմ ճանաչած ամենահամեստ և անշահախնդիր մարդկանցից մեկն է, իսկ խղճուկ բամբասանքներից հեռու մնացեք: Եվ, իհարկե, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել այն մարդկանց, ովքեր իրենց սրտի լավ ու բարի խոքերն են հղում մեզ: Շնորհակալ եմ, հարգելիներս: Եթե ձեր բարիդրացիական վերաբերմունքն էլ չլիներ… Հաջողություն «Դորիանս» և Գոռ Սուջյան ջան»:
168.am-ը զրուցեց «Դորիանս» խմբի նախկին պրոդյուսեր Վահագն Գևորգյանի հետ՝ պարզելու, թե նա ի՞նչ դիրորոշում ունի ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Մենք այլևս միասին չենք աշխատում»,- կարճ պատասխանեց Վահագն Գևորգյանը՝ չցանկանալով ավելին ասել: Իսկ հարցին՝ հնարավո՞ր է, այնուամենայնիվ, համատեղ աշխատանքը կրկին ստացվի, պրոդյուսերը պատասխանեց՝ ոչ: