Բաժիններ՝

Եգիպտացիներն այսօր 2011 թ. հեղափոխական ապստամբության երկամյակը կնշեն բողոքի զանգվածային ակցիաներով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եգիպտացիները մտադիր են այսօր 2011 թվականի հեղափոխական ապստամբության երկամյակի կապակցությամբ անցկացնել բողոքի զանգվածային ակցիաներ ու հանրահավաքներ: Այդ ապստամբությունն ավարտվել էր գործող նախագահ Հոսնի Մուբարաքի տապալմամբ:

Դեռ գիշերը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մտցվել էր արտակարգ իրավիճակների ռեժիմ: Զգալիորեն ուժեղացվել են Կահիրեի միջազգային օդանավակայանի բոլոր մատույցները, պահպանության տակ են վերցվել քաղաքի կենտրոնում գտնվող խորհրդարանի, կառավարության ու ՆԳՆ-ի շենքերը, ինչպես նաև «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի ներկայացուցչությունը:

Կահիրեի կենտրոնը՝ «Թահրիր» հրապարակը, որը երկու տարի առաջ հայտնի դարձավ համայն աշխարհում, հիշեցնում է զորանոց, այստեղ կառուցվել են արգելապատնեշներ, բոլոր մուտքերը փակված են լարափակոցներով, հարակից փողոցներ է բերվել զրահատեխնիկա: Չնայած այդ ամենին՝ գիշերը «Թահրիր» հրապարակում բավական շատացել է վրանների քանակը, որոնց թիվը մոտենում է հարյուրի:

Այսօրվա ակցիաները կանցկացվեն «Հեղափոխության վերադարձ» կարգախոսի ներքո: Ընդդիմության պահանջները բազմազան են. 2011 թվականի հունվար-փետրվարին ցուցարարներին սպանելու համար մեղավորների պատժում,  Հեշամ Քանդիլի կառավարության հրաժարական, իսլամիստների ներկայիս իշխող ռեժիմի հեռացում, նախագահական վաղաժամ ընտրությունների անցկացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս