Թուրքիան ու Իրաքը փոխանակվել են սուր հայտարարություններով
Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի շիա վարչապետ Նուրի Ալ-Մալիքին կտրուկ դատապարտել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունը, որում նա նշել էր, որ Մալիքիի կողմից Իրաքի մի շարք քաղաքական գործիչներին հետապնդելը լարվածություն է առաջացնում այդ երկրում, որը գրեթե իրաքցիների շրջանում հասցրել է զինված բախման:
Դավութօղլուն իր այդ հայտարարությունում նկատի էր ունեցել Իրաքի նախկին փոխնախագահ, սուննի Թարիք Ալ-Հաշիմիին, որի դեմ Իրաքում կայացված է մահվան երեք դատավճիռ և որին փաստացիորեն ապաստան է տվել Թուրքիան: Մալիքին Դավութօղլուի այս հայտարարությունը որակել է որպես Իրաքի ներքին գործերին կոշտ միջամտություն, ինչը վնասում է բարիդրացիական հարաբերություններին.
«Մի շարք շրջանակների համար ընդունելի չէ իրաքցիների հաշտությունը և երկխոսության միջոցով նրանց խնդիրների լուծումը: Նրանք հիասթափված են, որ չիրականացվեց զինված բախման սցենարը, որին նրանք սպասում էին և փորձում էին կյանքի կոչել: Այն ժամանակ, երբ Իրաքում ընթանում է խնդրի կարգավորումը, երկիրը բախվել է տարածաշրջանային քաղաքական շրջանակների հայտարարություններին, որոնք ապացուցում են, որ նրանք ցանկանում են արգելափակել իրաքյան հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսությունը և հրահրել միջկրոնական պատերազմ»:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիան շարունակում է ակտիվորեն բախումներ հրահրել Բաղդադի կենտրոնական կառավարության ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարության միջև: