ՀՅԴ-ն իր կոչը կանի քվեարկությունից երկու-երեք օր առաջ. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայ հեղափոխական դաշնակցությունը իր համակիրներին կոչ կանի անպայման մասնակցել փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին։ Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։
Այս պահին, սակայն, դաշնակցությունը առաջադրված թեկնածուներից որևէ մեկին սատարելու հիմքեր չի տեսնում։ Եվ ընտրողներին ու համակիրներին ուղղված ՀՅԴ-ի կոչը, ամենայն հավանականությամբ, կլինի հետևյալը` գնալ և ազատ քվեարկել, իսկ եթե հրապարակի վրա որևէ ցանկալի թեկնածու չեն տեսնում, քվեաթերթիկը անվավեր դարձնել, քանի որ «բոլորին դեմ» քվեարկելու հնարավորություն քվեաթերթիկում չկա։
Ամեն դեպքում Հայ հեղափոխական դաշնակցությունը կոչ է անելու անպայման մասնակցել քվեարկությանը, որպեսզի իրենց ձայնը չկեղծվի։ Դաշնակցությունում դեռ տեսական հնարավորություն են տեսնում, որ մինչև քվեարկության օրը կարող է իրադրություն փոխվել՝ թեկնածուները միավորվեն և բոյկոտ հայտարարեն, կամ ֆորսմաժոռային իրավիճակներ առաջանան։ ՀՅԴ-ն իր կոչը կանի քվեարկությունից երկու-երեք օր առաջ։