Բաժիններ՝

Ո՞ւր է նայում գյուղնախարարությունը

«Փակեք ընդհանրապես գյուղնախարարությունը: Գյուղացին թող չիմանա, որ նման նախարարություն կա։ Այդպես ավելի հանգիստ կլինի, կիմանա, որ գլուխը էս պատին խփելով էն պատին խփելով՝ մի բան կանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը՝ խոսելով գյուղնախարարության ծավալած գործունեության և գյուղատնտեսության անմխիթար վիճակի:

Վերջինիս խոսքով, գյուղատնտեսության նախարարությունը՝ նախարար Սերգո Կարապետյանի և իր ենթակաների հետ միասին, ոչինչ չի անում Հայաստանում գյուղատնտեսությանը զարկ տալու և գյուղացուն աջակցություն ցուցաբերելու համար: «Սերմացու է ներկրվում հիմնականում Թուրքիայից, որն անորակ է և մարդու առողջության համար վտանգավոր: Այդ նույն սերմն էլ վարակում է հողը: Օրինակ՝ ցեց հիվանդությունը: Սահմանի վրա գործում է համապատասխան  կարանտին  բաժին, որ պետք է վերահսկողություն սահմաներ ներկրվող սերմացուի նկատմամբ: Բայց ո՞ւր են դրանք նայել: Ո՞ւր է նայում գյուղնախարարությունն առհասարակ»,- ասաց Ս.  Սեդրակյանը: Վերջինս լրագրողների հետ  հանդիպման ժամանակ հայտնեց նաև իր մտավախությունն այն հարցի շուրջ, որ ցեց հիվանդությունն այս տարի կընդգրկի ավելի լայն տարածք: «Անցյալ տարի գյուղացին հսկայական կորուստներ ունեցավ: Ես վախենում եմ, որ այս տարի այդ ցեց հիվանությունը կվարակի նաև Մարտունիի, Վարդենիսի կողմերը: Տիրություն չեն անում, դրա դեմն էլ չեն առնում:  Ես այդքան ասեցի, որ աերոզոլային պայքար է պետք: Խաղ են անում, գյուղացուն մի քիչ թույն են տալիս, ասում են՝ գնա քո գլխի ճարը տես, բայց այդպես չի կորող լինել: Դրան հետևողական բուժում է պետք: Եթե այդպես է, ապա գյուղնախարարության դերն ինչո՞ւմն է»,- ասաց  Ս. Սեդրակյանը:

Վերջինիս խոսքով, Համաշխարհային բանկը ԾԻԳ-ին ֆինանսավորում է ՝ արոտավայրերի բարելավման ծրագիր  իրականացնելու համար: Սրան կոոպերացիա են անվանում, բայց դա, ըստ Սեդրակյանի, կոոպերացիա չէ: Կոոպերացիաների մեջ ներգրավում են նաև աղքատ գյուղացիական տնտեսություններին: «Մենք բազմիցս գյուղատնտեսությունը զարգացնելու ծրագիր ենք ներկայացրել նախարարությունը, ես ինքնս էլ կոլեգիայի անդամ եմ եղել: Բայց ծրագրի հանդեպ նախարարության կողմից ոչ մի արձագանք չի եղել: Նայում ես մարդկանց դեմքին ու հասկանում, որ նրանց գյուղացին ու գյուղատնտեսությունը առհասարակ չի հետաքրքրում»,- ասաց «Ֆերմերային շարժում» հ/կ-ի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս